23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԶԼՄ ղեկավարներ և լրագրողներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան մի շարք ԶԼՄ ղեկավարների և լրագրողների բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ նամակի պատճենները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

«Հարգելի պարոն Փաշինյան,

Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին:

Այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են: Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ և մտավորականներ ևս միջնորդել են ՀՀ Գլխավոր Դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով: Այս ջանքերը ևս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաև առողջական լուրջ խնդիր: Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական և գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում:

Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ և բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն է: Հետևաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի և որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը»,- ասվում է նամակում:

Հարգանքով՝

Արա Թադևոսյան, «Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն

Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն

Մերուժան Սարգսյան, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն

Արթուր Եզեկյան, «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

Արմեն Արզումանյան, «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հակոբ Ավետիքյան, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Արմենիկա Կիվիրյան, News.am կայքի գլխավոր խմբագիր

Ավետ Դեմուրյան, Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից

Աշոտ Գազազյան, Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից

Սույն բաց նամակին կարող են միանալ այլ ԶԼՄ ղեկավարներ և անհատ լրագրողներ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ