Նիկոլ Փաշինյանի 10 ստերը. 168 Ժամ
Նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս տարի արդեն 5-րդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված 1 ժամն այս անգամ որոշեց օգտագործել տնտեսության վերջին շրջանի զարգացումները մեկնաբանելով: Նա 10 փաստեր ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է:
Ողջունելով վերջապես փաստերով խոսելու մոտեցումը, այնուհանդերձ, պետք է արժանին մատուցենք այն մարդկանց, ովքեր պատրաստել էին այս ելույթի բովանդակությունը, որովհետև այն ակնհայտ հանրային կարծիքի արտացոլումն էր: Այսինքն՝ այն քննարկումները, քննադատությունները, որոնք հնչեցվում էին տարբեր փոձագետների և վերլուծաբանների կողմից, վերջապես տեղ է հասել, և Փաշինյանը դրանք ներկայացրեց տնտեսության «տրասֆորմացիայի» լույսի ներքո:
Փաշինյանն այդ ուղղվածության 10 փաստ նշեց, սակայն այդ 10 փաստերի մեջ նա առնվազն 10 անգամ ստեց կամ մանիպուլյացիա բանեցրեց՝ շարունակելով իր որդեգրած մոլորեցնող քաղաքականությունը: Իր նախաբանում Փաշինյանը նշեց. «Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող ու խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի: Հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում ՀՀ-ում»: Վարչապետը չի նկատել, որ այդ խաղադրույքների ամենամեծ ավելացումն արձանագրվել է հենց իր ղեկավարության ամիսներին, ու տրանսֆորմացիան այստեղ բացասական ուղղությամբ է գնում:
Ու գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև մարդիկ սկսել են հավատալ պատահաբար մեծ հաջողության հասնելուն: Որովհետև նրանք տեսել են, որ մեկը կարող է Գյումրիից քայլելով ու ճանապարհ փակելով՝ գալ ու դառնալ վարչապետ, որովհետև տեսել են, որ միջինից ցածր կարգի դիջեյը կարող է բախտի բերմամբ դառնալ աշխատակազմի ղեկավար, դերասանը՝ քաղաքապետ, գազանանոցում պաղպաղակ վաճառողը՝ համայնքի ղեկավար, և այլն: Համաձայնեք, բնական է, երբ դրանից հետո մարդիկ հավատում են, որ կարող են 10.000 դրամ խաղադրույք կատարել ու բախտի բերմամբ դառնալ միլիոնատեր. դե ի՞նչ կա, Աղաջանյան Էդուարդի բախտը բերեց, դարձավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, իմ բախտը ինչի՞ պետք է չբերի…
Մինչ կանդրադառնանք Փաշինյանի կողմից հնչեցված 10 փաստերին և հատ առ հատ բացահայտենք դրա մեջ եղած մանիպուլյացիան ու սուտը, արձանագրենք, որ հնչեցված 10 փաստարկներն իրենց մեջ պարունակում են 10-ից ոչ պակաս ստեր, ու Փաշինյանն ասես հրաձգարանում լինի, և 10-ից՝ 10 սուտ է խփում, կամ, ավելի դասական խոսքով ասված՝ ինչքան ուզում՝ այդքան խփում է: Եվ այսպես, ստորև ներկայացվող «փաստերը» Փաշինյանինն են, ստերի բացահայտումը՝ մեր կողմից։
Փաստ 1. Կառավարությունն ունի գործիք, որով գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող, աշխատատեղեր ստեղծող, որոշ չափանիշերին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից և ԱԱՀ-ի վճարումը երկարաձգում: Այս գործիքի շրջանակներում իրականացված ներդրումների վերլուծությունը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ, եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումները ոչ թե 5, այլ 9 ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող ներդրումներն աճել են 30 տոկոսով: Դրանք վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիաների և մրցունակ արտադրանքի թողարկմանը: Այդ սարքավորումներն աշխատացնելու համար անհրաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:
Սուտ 1: Առաջին մանիպուլյացիան, որը Փաշինյանը հրամցնում է հասարակությանը, դա պետական ներդրումները և օտարերկրյա ներդրումներն իրար խառնելն է: Պարոն վարչապետի պաշտոնակատար, արդեն մի ամիս է՝ ահազանգում ենք, որ շուրջ 11 անգամ կրճատվել են օտարերկրյա ներդրումները, իսկ դուք այստեղ խոսում եք պետական ներդրումների մասին:
Ինչ վերաբերում է պետական ներդրումներին, ապա վարչապետն իրավացի է, այս տարվա ընթացքում տրված հարկային արտոնությունները գերազանցում են նախորդ բոլոր տարիների ցուցանիշները: Այստեղ տեղին է նաև հիշեցնել ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Ձեր բոցաշունչ ելույթները, որ արտոնությունն օլիգարխներին են տալիս, սակայն ձեր վարչապետության առաջին արտոնություններից մեկը հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլին» տվեցիք: Ինչ վերաբերում է հնչեցված տոկոսներին, պետք է ոտքի կանգնել և գոչել՝ «էվրիկա», քանի որ անգամ դպրոցականն է հասկանում, որ, օրինակ, 10 դոլարի 70 տոկոսը ընդամենը 7 դոլար է, ուստի բարի եղեք հնչեցնել նաև իրական թիվը, ոչ թե մանիպուլյացրեք այն տոկոսների միջոցով: Իսկ վերջին զավեշտն ակնկալվող ներդրումների 30 տոկոս աճն է: Պարոն Փաշինյան, մոռացել եք, որ ամենասկզբի ձեր ակնկալիքներն ավելի խոշոր թվեր էին, կամ, առհասարակ, դա ի՞նչ ցուցանիշ է՝ ակնկալվող ներդրումներ: Միգուցե նկատի ունեք, որ ակնկալում եք, բայց չե՞ն իրականանա:
Փաստ 2. 2017թ. առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով, խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին, 2018-ի ընթացքում հումքի ներկրումն աճել է շուրջ 29 տոկոսով, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ: Սա ցույց է տալիս, որ մեր մոտ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա: Գյուղատնտեսության ոլորտում տեսնում ենք միտում տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության:
Սուտ 2: 5 ամսում տեսնում եք գյուղատնտեսության տրանսֆորմացիա դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության: Դուք սա լո՞ւրջ եք ասում, թե՞ հերթական իջևանյան միամտությունն է: Այն էլ՝ տարվա կեսին: Եթե գարնանը գյուղացին ցանել է կարտոֆիլ, որի բերքը հասունանալու է սեպտեմբերին, ամառվա ընթացքում ինչպե՞ս կարող է տեխնոլոգիական զարգացում լինել: Կարո՞ղ է կարտոֆիլն էլ է հայտնի եղջերավոր անասունների պատմության նման որոշել ինքնատրանսֆորմացվել: Ու մի բան էլ, ըստ հենց ձեր հրապարակած վիճակագրության՝ գյուղատնտեսական մթերքի թողարկման ծավալները նվազել են, ու փաստորեն, եթե անգամ միրգ-բանջարեղենն ինքնատրանսֆորմացվել է, ապա դա բացասական է ազդել թողարկման վրա, ու կարծես թե առանց Ձեր տրանսֆորմացիայի ավելի լավ էր, մի փչացրեք ամեն ինչ:
Փաստ 3. Արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է ցածր՝ 0.9 տոկոս աճ՝ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Թեղուտում խնդիրներ կան, հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշն ընդհանուր տնտեսության վրա մեծ է: Բայց նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ վերամշակող արդյունաբերությունում ունենք 11.4 տոկոս աճ: Այս թվերը խոսում են մի բանի մասին՝ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը՝ լրջորեն ավելացել:
Սուտ 3: Փառահեղ և դասագրքային մանիպուլյացիա: Պարոն Փաշինյան, ինքներդ եք ասում, որ Թեղուտը դադարել է աշխատել, ուստի վերամշակող արդյունաբերության կշիռը բարձրացել է, որովհետև հանքաարդյունաբերությունը կրճատվել է: Ավելի պարզ ասենք, որպեսզի բոլորդ հասկանաք: Ասենք՝ ընդհանուր արդյունաբերությունը եղել է 10 միավոր, որից 8-ը՝ հանքարդյունաբերություն, 2-ը՝ վերամշակող, կստացվի՝ 20 տոկոս վերամշակողն էր, 80 տոկոս՝ հանքարդյունաբերությունը: Հիմա Թեղուտը չկա, ու հանքարդյունաբերությունը 8 միավորից իջել է 1 միավորի, իսկ վերամշակողը շարունակում է մնալ 2: Կրկին կարող ենք ոտքի կանգնել և գոռալ՝ «էվրիկա»… նոր տվյալների համաձայն, վերամշակողի կշիռը 20 տոկոսից հասել է 70 տոկոսի:
Փաստ 4. Շինարարության ոլորտում ունենք 3.5 տոկոսի աճ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տարեսկզբին այդ աճը երկնիշ էր: Ի՞նչ է տեղի ունեցել՝ կրկին հանքարդյունաբերություն, այդ երկնիշ աճը հիմնականում պայմանավորված էր Ամուլսարի հանքում տեղի ունեցող շինարարությամբ: Բայց արդեն մի քանի ամիս դադարել է, և այս համապատկերում պետք է ոչ թե որևէ աճ ունենայինք, այլ պետք է շինարարության մեջ ունենայինք անկում: Սակայն, ի հեճուկս դրա, այնուամենայնիվ արձանագրվել է 3.5 տոկոս աճ: Հանքարդյունաբերությունում շինարարության ծավալների կտրուկ նվազման պայմաններում աճ է արձանագրվել մյուս ոլորտներում:
Սուտ 4: Իրականում շինարարության ոլորտում անկում կա, և դա տեսնելու համար բավական է դիտարկել ընդամենը այս ամսվա ցուցանիշն այս տարվա նախորդ ամիսների հետ։ Իսկ ինչո՞ւ անկում չկա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, որովհետև նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ևս հանքաարդյունաբերության ոլորտը շինարարություն չէր իրականացնում:
Փաստ 5. Արտահանման ոլորտում ունենք աճի տեմպի նվազում, իսկ սեպտեմբերին նույնիսկ անկում՝ անցյալ տարվա համեմատ, մոտ 15 տոկոս ավելի քիչ ապրանք է արտահանվել ՀՀ-ից այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ: Այս նվազումն ինչի՞ հաշվին է՝ անցյալ տարվա սեպտեմբերին արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Այս տարվա սեպտեմբերին նույն հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի 13 մլն դոլարի անկում ունենք, սակայն այս տարվա սեպտեմբերին ՀՀ-ից արտահանած մանածագործական իրերի ծավալը կազմել է 24 մլն դոլար՝ անցյալ տարվա նույն ամսին՝ 13 մլն դոլար, այսինքն, այս ոլորտում համարյա կրկնապատիկ աճ ունենք, և սա նույնպես վկայում է տնտեսության տրանսֆորմացիայի մասին:
Սուտ 5: Նորից պետք է գոռանք՝ «էվրիկա», կեցցե՛ մաթեմատիկան: 24 մլն դոլար՝ 13 մլն դոլարի դիմաց: Ընդամենը 11 միլիոն դոլարի աճ, և սա՝ այն պարագայում, որ մեր երկրից տարեկան արտահանման ծավալը նախորդ տարի գերազանցել է 2 մլրդ դոլարը, իսկ դրա մեջ Ձեր գտած մեկ հատ 11 մլն դոլար աճն ուղղակի ոչինչ է: Էլ չենք ասում այն, որ դա ընդամենը մի ոլորտի աճն է, իսկ մնացածում անկում է արձանագրվել:
Զարմանալի է, որ այստեղ նախընտրել եք խոսել զուտ թվերով, ավելի հնչեղ կլիներ, որ ասեիք՝ կրկնապատիկ աճ է արձանագրվել: Ի դեպ, մի խորհուրդ տանք՝ թվերի մանիպուլյացիայի համար շատ օգտակար մեթոդ է. գտեք մի բան, որը նախորդ տարի ընդհանրապես չի արտահանվել Հայաստանից, օրինակ՝ կոկոս: Որևէ կերպ ջերմոցում մի 15 հատ կոկոս աճեցրեք ու անգամ առանց սպասելու, որ հասունանա՝ արտահանեք, կամ ասեք՝ թող գյուղատնտեսության տեխնոլոգիական զարգացման ծրագրով այն եղջերավոր անասունների նման ինքնաարտահանվի, ու միանգամից կոկոսի արտահանման ոլորտում 1000 տոկոսանոց աճ կերևա:
Փաստ 6. Բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 155 մլրդ դրամով՝ 10 տոկոսով, ինչը նշանակում է, որ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ: Այն, որ բանկային ավանդներն աճում են, բացասական մեկնաբանությունների տեղիք է տալիս, մարդիկ բիզնեսում չեն ուզում ներդնել, ավանդ են դնում, այս քննադատության մեջ ռացիոնալության հատիկ կա, բայց ավանդների աճն էր նաև պատճառը, որ վարկային տոկոսները ՀՀ-ում նվազում են, ինչը մեր տնտեսական օրակարգի կարևոր հարց է:
Սուտ 6: Իսկ ինչո՞ւ է աճել բիզնեսի վարկավորումը: Որովհետև բիզնեսը կանգնած է շնչահեղձության եզրին, որովհետև այլ ֆինանսական մուտքեր մեր տնտեսություն ուղղակի բացակայում են, և միակ լուծումը վարկ վերցնելու միջոցով ժամանակավոր իրավիճակը բարելավելն է: Ինչ վեաբերում է տոկոսների նվազմանը, ապա դա շարունակական գործընթաց է, որը սկսվել է դեռևս 90-ականներից և շարունակվում է առ այսօր, և ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, ուստի, պարոն Փաշինյան, դա ձեռքբերում մի համարեք:
Փաստ 7. ՀՀ-ում շարունակվում է անշարժ գույքի գների աճը, գործարքների աճը 19.4 տոկոս է, հիպոթեքային վարկավորման աճն ավելի քան կրկնապատկվել է, այս տարի ունենք 10 տոկոս հիպոթեքային վարկավորման աճ:
Սուտ 7: Պարոն Փաշինյան, նախ, ասեք՝ այդ 19,4 տոկոս աճը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում, որովհետև ձեր տվյալները կրկին չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը: Ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.2 %-ով, իսկ 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 9.4 %-ով Ի՞նչ 19. 4 տոկոս, այդ թիվն ո՞վ է ձեզ տվել: Կամ ճշտեք, կամ էլ խոստովանեք, որ հերթական ժամանակային մանիպուլյացիան եք իրականացնում, ու 19.4 տոկոսը վերաբերում է, ասենք՝ այս շաբաթը՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ:
Փաստ 8. Շարունակվում են ներգաղթային միտումները. մայիսի 1-ից մինչ օրս 13 հազարով ավելի մարդ է եկել ՀՀ, քան գնացել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9000-ով ավելի շատ է եղել, քան եկածների: Ընդ որում, ուզում եմ նշել, որ նկատելիորեն մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող մեր հայրենակիցների թիվը:
Սուտ 8: Արդեն որերորդ անգամ անդրադառնում ենք այս հարցին: Բայց չենք զլանա ևս մեկ անգամ բացատրել, որ բնակչության դեմոգրաֆիկ ցուցանիշները չի կարելի քննարկել ոչ ամբողջական ժամանակահատվածի համար: Սպասեք տարին կավարտվի՝ նոր կտեսնենք: Թե չէ՝ կարելի էր այդ վիճակագրությունը վարել, օրինակ, Ֆրակոֆոնիայի գագաթաժողովի 3-րդ օրը, երբ հայաստան էին եկել 5000-ից ավելի մասնակիցներ: Բնականաբար, այդ օրվա դրությամբ ներգաղթի մի հիանալի պատկեր կարելի էր ցույց տալ:
Փաստ 9: Ճշմարտություն 9: Սա, թերևս, միակ փաստարկն է, որի վերաբերյալ մանիպուլյացիա չկա: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Որովհետև այս փաստարկը բացակայում էր, և ինձ չհաջողվեց գտնել այդ 9-րդ փաստարկը, ուստի այն համարելով հայտնի քաղցրավենիքի՝ «հազարավոր բառերի փոխարեն» կարգախոսի տրամաբանական շարունակություն, ամբողջապես համաձայն եմ, վարչապետի 9-րդ փաստարկին և կիսում եմ այս կետում առկա բոլոր մտահոգությունները:
Փաստ 10. Ինչքան էլ ասում են, որ վայ, այս ինչ է կատարվում տնտեսությունում, гипс снимают, клиент уезжает, բայց ուրիշ ցուցանիշ կա՝ սեպտեմբեր ամսվա համար ՊԵԿ հավաքագրումները ՀՀ պատմության ռեկորդային ցուցանիշ են գրանցել, հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ, այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել:
Սուտ 10: Ասացիք, որ վերջին շրջանում ՊԵԿ-ի և հարկատուների հարաբերությունները լարված էին, բայց փոխհամաձայնության են եկել ու փոխըմբռնման եկել, հասկացել են, որ նույն նավի մեջ են, ու հակամարտության ռեժիմը փոխարինել են համագործակցության ռեժիմի: Իսկ հնարավո՞ր է՝ նույն նավի ժողովուրդը նաև առաջարկել է հարկերը բարձրացնել, որ իրենք ավելի շատ հարկ տան, ու մասնակից լինեն թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը: Կամ այդ ինչպե՞ս են ՊԵԿ-ն ու բիզնեսը համաձայնության եկել. նոր իրավիճակում այդ համաձայնությունն այլևս քրեորեն պատժելի չէ՞: Թե՞ ուղղակի բոլորն են բառացիորեն զզվել մասկի շոուներից, ու ասում են՝ ավելի լավ է՝ մի բան էլ ավել վճարենք, քան գան «օրենքի տառին համապատասխան ներխուժեն» ու հերթական «մասկի շոուն» սարքեն:
Իսկ ինչ վերաբերում է ռեկորդային թվին, ապա մի շտապեք այն ռեկորդային համարել, քանի որ հավաքագրումները դեռևս չի նշանակում, որ դա պետական բյուջեի եկամուտներն են, այն դեռ կհասցնի ֆիլտրվել և ճշգրտվել, ու վերջում կարող է պարզվել, որ հեչ էլ ռեկորդային չէր:
Ամփոփելով վերոգրյալը, մնում է հույս հայտնել, որ Փաշինյանի այս հերթական ստերի փաթեթը երկար կյանք չի ունենա, և հայտնի ասացվածքի համաձայն՝ գոնե 40 օր հետո մարդիկ կհասկանան իրականությունը, թե չէ՝ վերջերս այնպիսի տենդենց կա, որ Հայաստանում ստի կյանքը լավ երկարել է, համենայն դեպս՝ վերջին 6 ամսում լավ էլ ճոխ ապրում է ու ոչնչից չի բողոքում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: