23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Փաշինյանին Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ

«Երկիր Ծիրանի»  կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման:

Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները (անգործությունը)` պաշտոնավարումից հետո կարիք ունեին թե՛ իրենց և թե՛ իրենց ապօրինի ձեռք բերած ունեցվածքի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների ապահովագրման ներդրման (նրանցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարումից հետո փորձել է ապահովել իր անվտանգությունը):

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է վերը նշված համատեքստից ելնելով և արձանագրում հետևյալը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շուրջ վեց ամիսները և նրա հրաժարականը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետությունում առկա քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգում` իր բոլոր բացասական և ազգային անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետևանքներով:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ոչ միայն կրկնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արատավոր երևույթները, այլև ավելի նենգաբարո` հեղափոխության փոխակերպման (իմիտացիայի) անվան տակ խեղաթյուրել է իրողությունները: Այս ընթացքն ապահովել է Սերժ Սարգսյանի լիարժեք անվտանգությունը և անձեռնմխելիությունը:

Այս վեց ամիսների ընթացքում չեն ընդունվել երկրի քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ո՛չ հայեցակարգ և ո՛չ էլ օրենքներ, մինչդեռ դրա համար առկա էին ժողովրդի թե՛ արդար պահանջը և թե՛ անվերապահ աջակցությունը:

Չեն կրճատվել սուպերվարչապետական լիազորությունները:

Չեն ընդունվել տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ օրենքներ: Չի փոխվել (չի բարելավվել) հարկային և մաքսային օրենսդրությունը:

Չի ընդունվել օրենք Լյուստրացիայի (գաղտնազերծման/մաքրազերծման) մասին, որը կվերաբերեր նախորդ քառորդդարյա ավտորիտար ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարումներին, ապօրինի հարստացումներին և օտարերկրյա կառույցներին ծառայությունների մատուցմանը:

Չի ընդունվել ժողովրդավարական կառուցվածք ապահովող սահմանադիր ընտրական օրենսդրություն` պահպանվել է օլիգարխիկ ընտրական (ռեյտինգային) համակարգը և կուսակցական մենաշնորհը:

Չի ընդունվել Կուսակցությունների մասին սահմանադիր օրենք, որը կսահմանափակեր օլիգարխիայի մուտքը խորհրդարան և կստեղծեր պայմաններ մրցակցային քաղաքական դաշտ ստեղծելու համար:

Չի վերադարձվել արցախցիներին համապետական ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունքը:

Չի ապահովվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընտրելու իրավունքի իրացումը:

Չի ընդունվել Արցախում Հայկական զինված ուժերի ներկայության իրավական հիմքերը հաստատող փաստաթուղթ:

Ընդունվել է կոռուպցիոն օրենք, որով պարտադիր կենսաթոշակային վճարումների անվան տակ Հայաստանի Հանրապետության բյուջեի 5-6 տոկոսը (տարեկան առնվազն 60 մլրդ դրամ) 45 տարով հանվում է` փոխանցվում է օտար երկրներում գտնվող անհայտ ծագման ֆոնդերին (օրենքը մշակվել է և ֆոնդերի ընտրությունը կատարվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում):

Ավտորիտար ռեժիմի գլխավոր դերակատարներից Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը, ովքեր բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կոծկել են հանցագործություններ, նշանակվել են երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոններում: Վերանշանակվել են նախորդ իշխանության այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Սերժ Սարգսյանի խորհրդական Վարուժան Ներսեսյանը, ով սատարել և աջակցել էր հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանը և «Մարտի 1-ի» ոճրագործության կոծկմանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքով նշանակված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով թույլ էր տվել պաշտոնական կեղծիք (կեղծ փաստաթուղթ էր ներկայացրել իր` բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ), ստացել է հովանավորություն նաև գործող իշխանության կողմից, մասնավորապես` ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, որոնց ղեկավարներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը (ոստիկանապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրեն և ՔԿ պետ), հիմնականում շարունակել են նախորդ իշխանության արատավոր գործելակերպը:

Աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ չեն իրականացվել մանրակրկիտ հետաքննություններ, համակողմանի և անաչառ նախաքննություններ, բաց դատավարություններ, յուրաքանչյուր անձ պատասխան չի տվել իր արարքների համար: Հիմնականում դրսևորվել են անձնական վրեժխնդրության փորձեր: Ձերբակալությունները և կալանավորումները կրել են ընտրովի և ցուցադրական (բեմադրական) բնույթ:

Չեն արդարացվել քաղաքական հալածյալները, բանտերի դռները քաղաքական հալածյալների համար արդարացման հիմքով չեն բացվել, նրանց մի մասը հանիրավի շարունակում է գտնվել բանտախցերում, իսկ մյուս մասը` քրեական հետապնդվողի կարգավիճակում ազատության մեջ:

Սպանությունների թիվը Հայկական Զինված ուժերում գրեթե նույնն է` նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիների հետ համեմատ:

Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացվել են ավտորիտար ընտրական օրենսդրությամբ: Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ` անձամբ է իրականացրել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, հրապարակավ բռնության կոչերով, հասարակությանը բաժանելով «սևերի ու սպիտակների» և ներկայացնելով այդ ընտրությունները որպես հեղափոխության նկատմամբ վստահության հանրաքվե` խեղաթյուրել է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրական գործընթացը: Իսկ այդ ընտրություններից շուրջ մեկ ամիս անց քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով, դատապարտելու փոխարեն, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքային նախորդ` Հանրապետական կուսակցության հանցավոր իշխանությանը:

Կոռուպցիա ստեղծող սահմանադրական դրույթները և օրենքները չվերացնելով` Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ` հայտնելով հետևյալը. «Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա»:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում մեր Հայրենիքի նախիջևանյան սահմանում թշնամին, իրականացնելով հսկայածավալ ինժեներական աշխատանքներ, երեք կարևոր կետերից մոտեցել է Երևան-Վայք-Գորիս-Կապան մայրուղուն` արձանագրելով Արենիի հատվածում շուրջ 500 մետր հեռավորություն (նախկինում այդ հեռավորությունը շուրջ 5 կիլոմետր էր):

Ոստիկանական զորքը չի վերակազմակերպվել` չի դարձել սահմանապահ-դիրքապահ զորամիավորում:

Հայկական զորախումբն ուղարկվել է Սիրիա:

Ինչպես նախկինում` բնական գազը երկիր էր մտնում շուրջ 150 դոլարով և սպառողներին վաճառվում շուրջ 300 դոլարով, այդ նույն իրավիճակն այսօր էլ մնացել է։ Ահռելի տարբերություն կազմող գումարները թե՛ առաջ և թե՛ այսօր փաստացի շարունակում են յուրացվել:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը շարունակում են գերեկամուտներ ապահովել արտադրողին:

2019 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճի կանխատեսումն ավելի ցածր է, քան 2018 և նույնիսկ 2017 թվականի փաստացի աճի հետ համեմատ: Բյուջեն չի նախատեսում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում:

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպման ընթացքում կեղծ հայտարարություն է արել, որ իբրև 2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների նվազագույն չափն ավելանալու է:

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում Կառավարության 100-օրյա գործունեության հաշվետվության անվան տակ հանդես է եկել կեղծ հայտարարությունով, որ իբրև «Մարտի 1-ը» բացահայտված է:

Հայոց հերոսները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանավորների կողմից շարունակվել են արժանանալ նույն արհամարհանքին` ինչպես նախորդ իշխանությունների օրոք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան և օլիգարխներից Գագիկ Ծառուկյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր:

Բաղրամյան 26-ի դռները թեպետ բացվել են, սակայն այն շարունակում է գործել որպես կառավարության առաջին պաշտոնյայի նստավայր` Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի օգտագործման պայմաններում: Բաղրամյան 19-ի դարպասները նույնպես բաց են, սակայն դա չի նշանակում, որ խորհրդարանի որոշումներն ընդունվում կամ ընդունվելու են ազգային համաձայնությամբ և ի շահ հայ ազգի:

Այս բաց դռների և դարպասների փոխարեն` փակ են Երևանի Պռոշյան փողոցում գտնվող Կոնդի առանձնատների և՛ դարպասը, և՛ օդային տարածքը` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի համատեղ բնակավայրը, որտեղ էլ որոշվում են ընթացիկ կառավարման հարցերը` նախարարների, քաղաքապետերի (փաստացի), մարզպետների, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և այլ նշանակումներ, կամ` որևէ անձի կալանավորման վերաբերյալ հարցեր և այլն: Այս տարածքը վերահսկվում է բազմաթիվ ոստիկանական ծառայողների կողմից` թե՛ գետնից, թե՛ օդից հատուկ պաշտպանվող օդային հովանոցի միջոցով: Այս տարածք են պարբերաբար այցելում տարբեր իրավապահ կառույցների ծառայողական ավտոմեքենաներ: Իսկ թե ինչ են քննարկում և որոշում այդ փակ տարածքում` հասարակությունն իմանում է Նիկոլ Փաշինյանից»:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ