Միակ շանսը. Հրապարակ
Պետք է արժանին մատուցել այս տարիներին Հայաստանի քաղաքական կյանքը ձեւավորած եւ կերտման ու բյուրեղացման ուղղությամբ ջանքեր գործադրած բոլոր քաղաքական ուժերին եւ անհատներին: Որքան էլ քաղաքական մթնոլորտը հաճախ հիշեցրել է հիվանդ սրտի սրտագրություն, երկրի կյանքով մտահոգ ցանկացած մեկի համար միեւնույն չէ, թե ինչպիսին է երկրում քաղաքական մթնոլորտը: Տեղին է հիշել, որ եւ ՀՀՇ, ե’ւ Հայաստանի հանրապետական կուսակցություններում կային ծանրակշիռ ինտելեկտուալներ:
Այն պահից, երբ ժողովրդի կամքով իշխանություն ստացած այս ուժերն ընդունեցին պատեհապաշտների ու ընտրակեղծարարների ծառայությունները, կորցրին ժողովրդի վստահությունը: Այստեղ արդեն կուսակցական մտավորականությունը մնաց ստվերում, նրա խոսքը դադարեց որոշիչ լինել: Կուսակցության հիերարխիան դադարեց լսել ներքեւիններին: Ոչ ոք մեղավոր չէ հասարակության մեջ ՀՀԿ ներկա կացության համար, նրա քաղաքական ղեկավարությունից բացի: ՀՀԿ-ն կրկնում է նույն սխալները, ինչ Կոմկուսը՝ արցախյան շարժման ժամանակ: Կոմկուսի ղեկավարությունը, կուսակցական իշխանությունը իրենց դպրոցն անցած երիտասարդ կոմունիստներին չհանձնելու արդյունքում հիմնովին ավերեց կուսակցության հեղինակությունը, այնպես ու այնքան, որ 30 տարի հետո էլ մարդիկ հրաժարվում են տեսնել Կոմկուսի աշխատանքի իրական նվաճումները:
Ծանոթ պատկեր է նաեւ ՀՀՇ պատմությունից: Ապրիլ-մայիսին շատերի հետ ինքս էլ սպասում էի, որ Հանրապետականը հարկավոր հետեւություններ կանի, եւ կուսակցությունը (դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով) կձեւավորի նոր քաղաքական ղեկավարություն: ՀՀԿ նոր ղեկավարությունը, ուզում եմ հավատալ, կգնար ժողովրդի՝ իբրեւ գլխավոր իրավատիրոջ թելադրած ճանապարհով, որն է խորհրդարանի ինքնալուծարումը: Ներկա իրավիճակում հեշտ չէ ինձ հետ համաձայնել, բայց ԱԺ ինքնալուծարմւսն տանող մեծամասնությունը կպահպաներ քաղաքական դաշտում անհամեմատ շուտ վերադարձի շանսը:
Այն պահից, երբ խորհրդարանն անցկացրեց հայտնի օրինագիծը, ՀՀԿ-ն դատապարտվեց քաղաքական թատերաբեմը լքելու ճակատագրին: Հասարակությունը երբ կտա քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորությունը, դժվար է կանխատեսել: Կա միայն մեկ միջոց՝ հասարակության հետ կամուրջները մինչեւ վերջ չայրելու:
ՀՀԿ-Ն ունի միայն մեկ շանս՝ գնալ ԱԺ ինքնալուծարման: Քաղաքական հոգեվարքի ցնցումները երկրին կարող են անդառնալի ծանր կորուստների տանել: 20 տարի իշխանություն բանեցրած կուսակցությունն ապաշխարելու, ինքնամաքրումի ճանապարհ ունի անցնելու: Սրտանց կուզեի, որ կուսակցությունն իր մեջ գտնի այդ կամքն ու գեղեցիկ հեռանա: Հեռանա՝ առանց կամուրջներ այրելու: Հեռանա՝ վերադարձի շանսը պահած:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: