Բժշկական նոր կենտրոնի բացմանը մասնակցեց Սյունիքի մարզպետը /ֆոտո/
Երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցեց “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել էին 2013 թվականի մարտ ամսից:
Նոր կենտրոնն իրենից ներկայացնում է 240 քմ տարածքով կառույց, որն ունի սպասասրահ, ընդունարան, բժշկական խորհրդատվությունների երկու սենյակ, բժշկական օգնության սենյակ` նվազագույնը երկու մահճակալով, արտակարգ իրավիճակների համար նախատեսված սենյակ, պահեստային մաս, խոհանոց եւ լոգարան:
Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, անհրաժեշտ բժշկական պարագաներով եւ կահավորված է ավելի հարմարավետ ու նոր գույքով:
Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, կարեւորելով ընկերության հիմնարար արժեքները, եւ առաջնայնություն տալով աշխատակիցների առողջության եւ անվտանգության ապահովումը, նպատակային է համարում նման բժշկական կենտրոն ունենալը:
Նորակառույց բժշկական կենտրոնը կապահովի աշխատակիցների շուրջօրյա բժշկական ծառայություն, իսկ կենտրոնի աշխատանքներում կընդգրկվեն Երեւանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ:
Բացմանը մասնակցեցին նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան այրեր: