Փաշինյանը և Պուտինը իրենց խոսքում կծու արկնարկներ արեցին միմյանց. քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի գնահատմամբ` մենք դեռ հստակ չենք կարող ասել՝ ինչպես է ավարտվել Փաշինյան-Պուտին հանդիպումը, և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել կողմերը այդ հանդիպման արդյունքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ երկու երկրների ղեկավարներն էլ արձանագրել են, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Մեզ հետ զրույցում, քաղաքագետը անդրադառնալով Փաշինյանի արած հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են փայլուն վիճակում, կարծիք հայտնեց, որ դա գուցե հասարակությանը ուղղված մեսիջ է միայն. «Որքան էլ երկու երկրի ղեկավարները իրենց խոսքում նշեցին, որ մեր երկրների հարաբերությունները շատ լավ են, այնուամենայնիվ տեսանք՝ երկու ղեկավարներն էլ իրենց խոսքի մեջ փոքրիկ կծու ակնարկներ արեցին:
Առաջինը՝ Ռուսաստանը հիշեցրեց հայկական կողմին, որ մենք գնում ենք աշխարհում ամենաէժան գազը, որը Ռուսաստանն է վաճառում, իսկ Փաշինյանն էլ իր հերթին խոսեց այն մասին, որ հարաբերությունները պետք է կառուցված լինեն ներքին քաղաքականությանը չմիջամտելու սկզբունքի վրա, այսինքն՝ երկու կողմից էլ թեթև հիշեցումներ արվեցին»,-ասաց քաղաքագետը և ընդգծեց՝ հանդիպման ժամանակ ոչ մի պայմանագիր չի կնքվել երկու երկրների միջև, ինչը կարող է խոսել այն մասին, որ խնդիրները երկու երկրների ղեկավարների միջև կարող են դեռևս մնացած լինել:
Մելիք-Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախյան հակամարտությունների մասին, ինչը, սակայն, չհանրայնացվեց. «Ակնհայտ է, որ բոլոր այն խնդիրները, որոնք կարող են քաղաքական իրավիճակ փոխել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, պետք է քննարկվեին»:
Հարցին՝ ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ Արցախի խնդրի լուծման հարցում քաղաքագետը պատասխանեց, որ այն ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում շատ մտահոգիչ է: «Իմ հիմնական վախերից մեկն այն է, որ արցախյան խնդիրը կարող է այս կամ այն պետության կողմից տեղավորվել աշխարհաքաղաքական այլ խնդիրների շարքում, որովհետև եթե նայենք Պուտինի հանդիպումների հաճախականությանը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հետ, ապա կարող ենք նկատել, որ գլոբալ քննարկումների փուլ է սկսվել»,-շեշտեց նա:
Քաղաքագետը հայ-ռուսական հարաբերությունների հիմնական խնդիրը համարում է ամեն գնով Արցախը զուտ հայկական քաղաքականության տիրույթում պահելը, և գտնում է, որ դրա համար շատ անհրաժեշտ է, որ պաշտոնական Երևանը ավելի վճռական լինի իր դիրքորշումների մեջ և չհրաժարվի բանակցել Արցախի անունից : «Արցախը մեր տարածաշրջանի այն բանալի կետն է, որը կարող է պայթեցնել կամ շատ երկարաժամկետ խաղաղություն բերել հարավային Կովկասին»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: