Շանթ Հարությունյանը հանդես կգա ասուլիսով
Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի կունենա Շանթ Հարությունյանի մամլո ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել և խնդրել , որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ստորագրի փաստաթուղթը, որը Շանթ Հարությունյանը մերժել է:
Ի պատասխան վարչապետի խոսքերի՝ Շանթ Հարությունյանի որդին հաջորդ օրը հրապարակել էր հոր պատասխան խոսքը բանտից, որտեղ Հարությունյանը նշում էր, որ տեղեկանալով Փաշինյանի անդրադարձին, ակամա զուգահեռներ է նկատել Փաշինյանի և Սերժ Սարգսյանի վարմունքներում , ու քանի որ վարչապետի կողմից իրեն ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունի, և եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ իրեն հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու:
Ըստ Հարությունյանի այդպիսի հնարավորությունը կլիներ արդարացի և բարոյական: Այն կապահովեր խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ:
Ստացվում է՝ բավարարվեց նաեւ Շանթ Հարությունյանի այս պահանջը եւ 2 օրից՝ սեպտեմբերի 8-ին վերջինս լրագրողների ներկայությամբ խոսելու հնարավորություն կունենա: