78-ամյա ծերունին մենակությունից էր ինքնահրկիզվել. Sosi-tv.am
Մարտի 18-ին, ժամը 07.03-ին, Սյունիքի մարզի փրկարարական վարչությունում ահազանգ ստացվել է, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում:
Ըստ Sosi-Tv-ի, պարզվել է, որ ինքնահրկիզվել է 1936 թ. ծնված Մինաս Պապյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ Իլյա Բարսեղյանի այրված դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ ոստիկանության տվյալների ինքնահրկիզումը կատարվել է բենզինի միջոցով:
Հարեւանները հրաժարվեցին հեռուստատեսության խցիկի առջեւ որեւէ բան ասել, սակայն հայտնեցին, որ 78-ամյա ծերունին ապրում էր միայնակ: Կինը մեկ տարի առաջ էր մահացել: Նրա երկու որդիները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Հարեւանուհի Մարինե Հարությունյանը պատմեց, որ բոլորն էլ սիրում ու հարգում էին ծերունուն, ինքն էլ հաճախակի այցելում, օգնում էր նրան:
Որեւէ լուրջ առողջական խնդիր չուներ, միայն վերջին ժամանակներս սրտից էր գանգատվում:
Դեպքի մասին շատ բան հարեւանուհին չէր կարող ասել, միայն ասաց, որ փաստաթղթեր է թողել ու նամակ գրել`մոտավորապես այս բովանդակությամբ`”Բոլորից շնորհակալ եմ, բայց ինձ կներեք, էլ մենակությանը չեմ դիմանում”: