Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եւ պատասխանել տարբեր հարցերի:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծերացող հասարակության պայմաններում թոշակառուների խնդրի լուծման լավագույն տարբերակը, նաեւ միջազգային հայտնի փորձագետների գնահատմամբ, վերը նշված համակարգն է:
“Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը: Աշխարհի լավագույն մասնագետները եւս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձեւ կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել”,- ասել է վարչապետը:
Տ.Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի խնդրի լուծման պատուհան եւ պարտավոր է դրանից օգտվել, ինչը կապահովի ներկայիս երիտասարդների բարեկեցիկ ծերությունը:
Անդրադառնալով հարցին՝ որքան պետք է անձը կուտակի, որպեսզի ունենա ապահով ծերություն, վարչապետը նշել է. “Մեր բոլոր հաշվարկները եւ միջազգային համադրումները ցույց են տալիս, որ այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, ապա նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը: Որպեսզի այդ ցուցանիշը կարողանանք ապահովել, ապա քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը”:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ որպեսզի այդ 10 տոկոսը քաղաքացին կարողանա կուտակել եւ այն ծանր բեռ չլինի վերջինիս համար՝ պետությունն իր վրա է վերցրել կուտակումների 5 տոկոսը: Բացի այդ, 2014 թվականին իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք ապահովելու են աշխատավարձերի բարձրացում: Այդ առումով, աշխատանքները տարվում են երկու` մասնավոր եւ պետական հատվածների ուղղություններով: Առաջինի մասով ընդունվել է քաղաքական որոշում, որպեսզի նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ ավելացվի. այն հասնելու է 75 հազարի: Պետական ծառայողների աշխատավարձերը նույնպես 2014-ի հուլիսի 1-ից էապես ավելանալու են:
“Մենք՝ որպես պետություն, եթե ցանկանում ենք ամուր կանգնած լինել ոտքերի վրա՝ իրավունք չունենք մտածելու միայն այսօրվա եւ վաղվա մասին, որովհետեւ վաղը չէ մյուս օրը կանգնելու ենք կոտրված տաշտակի առջեւ եւ որեւէ մեկը չի օգնելու, որպեսզի լուծենք ՀՀ թոշակառուների խնդիրը: Դրա ֆինանսական բեռն այնքան մեծ է լինելու, որ ՀՀ պետական բյուջեն ի վիճակի չի լինելու լուծել այդ խնդիրը:
Իհարկե, սա հեշտ բարեփոխում չէ, եւ մենք, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ենք առաջին փուլում բացասական ազդեցությունը մեղմելու գործիքներ”,- ընդգծել է վարչապետը:
Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ: Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ:
“Միակ տարբերակը, որ այդ խնայողությունները փոշիանան, ոչ թե համաշխարհային ճգնաժամն է, այլ համաշխարհային կոլապսը: Մեր օրենքը հաշվի է առնում բոլոր ռիսկերը եւ նկարագրում այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորում է խնայողությունների հուսալիությունը: Դրա համար էլ ՀՀ-ում գործում են համաշխարհային համբավ ունեցող երկու կառավարիչներ, որոնք լինելու են Կենտրոնական բանկի հսկողության ներքո”,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը վստահեցրել է նաեւ, որ համակարգի արդյունքները տեսանելի են լինելու արագ: Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, եւ այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:
“Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետեւ այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առեւտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին”,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւներ է հանձնել նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հաջողություններ արձանագրած մի շարք գյուղատնտեսների: