Սա ատելության դիվական ծես է

Այն, ինչ որ կատարվում է այսօր լրատվական դաշտում՝ եկեղեցու վերաբերյալ լուսաբանման հարցում, ուղղակի մի բանի մասին է փաստում, որ մենք, մեծ հաշվով, չունենք ոլորտին տիրապետող լրագրողներ: Սրբազան մասունքներից մասերի նվիրատվության դարավոր պրակտիկան, որ գործում է բոլոր եկեղեցիներում, այսօր լուսաբանելիս շատ լրատվամիջոցներ օգտագործում են «կողոպուտ», «ստոր գործարք» և եկեղեցական գրագիտություն չունեցող միամիտ լսրանին ցնցելու ուղղված այլ որակումներով: Շատ մտավորականներ էլ, էլի եկեղեցական-համայնքային կյանքին անտեղյակության արդյունքում, ոչ պակաս հուզական ու պաթետիկ արտահայտություններ են անում եկեղեցու այս կամ այն իրողության շուրջ: Հիշեցի իմ հաղորդման հյուրերից մեկի միտքը՝ մեզ ազգովի երկրորդ դարձ է պետք: Ես կասեի՝ մենք քրիստոնեական գրագիտության խնդիր ունենք այսօր ազգովի:
Ինչ վերաբերում է իրենց «հայ եկեղեցու զավակ» կոչող ցուցարարներին, կասեի, որ սա էն դեպքն է, երբ նրանց ամեն մի խոսք, արտահայտություն, պահվածք ու վարքի դրսևորւմ հենց իրենց այդպիսին լինելու դեմ է խոսում: Ի դեպ, այս շաբաթը Տիրոջ Պայծառակերպության տաղավար տոնին նախորդող պահքի շրջան էր, և ինքներդ դատեք՝ սեփական մեղքերի վրա կենտրոնանալու և բոլոր առումներով ժուժկալելու այս շաբաթը այս «քրիստոնյաներն» օգտագործում են որպես խռովարարներ, պառակտիչներ և բանսարկուներ:
Անգամ եթե նրանց բազմահարկ բանսարկություններից թեկուզ մեկը ապցուցվեր, թե ճշմարիտ է, դարձյալ նրանց իրավունք չէր տա այս կերպ խնդրի բարձրաձայնման: Սա ոչ մի կապ չունի քրիստոնեական եղբայրասիրության և սիրուց դրդված քայլերի հետ: Սա ատելության դիվական ծես է՝ չափ ու սահման չճանաչող: Եվ կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որպեսզի իրավապահներն իրենց գործն անեն և նարնց կարգի հրավիրեն:
Իսկ ինքս որպես լարգրող օր առաջ լծվելու եմ «Քրիստոնյա լրագրողների ակումբի» ստեղծման աշխատանքներին: Ի դեպ, Ռուսաստանում վաղուց են պատրաստում հոգևոր թեմաներ լուսաբանող լրագրողների և ունեն «հոգևոր-եկեղեցական լրագրություն» ասվածը:
Արաքս Պողոսյան