Շոուներով չեմ զբաղվելու, աշխատելու եմ գիշեր ցերեկ . Լոռու մարզպետն ու փոխմարզպետները հաշիվներ էին պարզում
Լոռու մարզպետարանում, այսօր՝ հունիսի 26-ին, երբ մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատակազմին ու լրատվամիջոցներին ներկայացնում էր նորանշանակ երկու փոխմարզպետներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Արամ Խաչատրյանին ու Անդրանիկ Ղուկասյանին, նրանց միջեւ սուր զրույց տեղի ունեցավ:
Նախ Անրդանիկ Ղուկասյանն անդրադառնալով մինչ թավշյա հեղափոխությունը Լոռու մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքին. «Ես այդ աշխատանքը գնահատում եմ շատ ցածր ու անորակ, բայց դա չի նշանակում, որ մարզպետարանում չեն եղել բարեխիղճ ու պատասխանոտւ աշխատողներ: Ես առաջարկում եմ մարզպետարանի աշխատանքի ոճը փոխել 180 աստիճանով»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է ոչ թե թաքցնել խնդիրները եւ թղթերով ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է, այլ խնդիրները բարձրացնել եւ լուծումներ տալ:
Սա դուր չեկավ մարզպետին, ով ասաց. «Պարոն Ղուկասյան, այդ որակավորումները որ տվեցիք, դուք նկատի ունեիք մինչեւ այսօ՞ր, թե՞ նկատի ունեիք մինչեւ ինձ»:
Փոխմարզպետը պարզաբանեց՝ մինչեւ հեղափոխությունը:
Պատասխանը հանգստացրեց մարզպետին. «Դա ուրիշ բան»:
Փոխմարզպետն անդրադարձավ նաեւ երեկվանից մինչեւ այժմ լուծում չստացող հարցին՝ իր աշխատասենյակի դատարկությանը. «Պարոն մարզպետ, տեղյակ եք, որ ամսի 21-ից իմ հրամանը եղել է, բայց ես չունեմ մինիմալ աշխատանքային պայմաններ, չունեմ սեղան եւ համակարգիչ, եւ ես երկու օր է, գալիս եմ աշխատանքի ու տարբեր աշխատասենյակներում ծավալում եմ իմ աշխատանքային գործունեությունը: Տեղյակ ե՞ք դուք դրա մասին»:
Պարզվեց, մարզպետը տեղյակ է, բայց կարծում է, որ ինչպես նախկին փոխմարզպետներն են արել, նորանշանակ փոխմարզպետը եւս կարող է իր միջոցներով կահավորել իր աշխատասենյակը. «Պարոն Ղուկասյան, ես տեղյակ եմ նրա մասին, որ էդ կաբինետները ոնց որ ժամանակին եղել ա, ամեն մարդ եկել ա, ինքն իրա համար դա կառուցել ա»,- նշեց մարզպետը, ինչին Անդրանիկ Ղուկասյանը հակադարձեց. «Դա շատ սխալ է»:
Մարզպետը, սակայն, սահուն անցավ այլ թեմայի. վերջինս նկատեց, որ իր համար անհասկանալի է եղել այն հանգամանքը, որ փոխմարզպետն առանց իրեն տեղեկացնելու ու իր կողմից աշխատակազմին ներկայացվելու, երեկ աշխատակազմի ղեկավարի հետ շրջել է մարզպետարանում:
Ինչ վերաբերում է գույքի տրամադրմանը, մարզպետն ասաց. «Գույքը կտրամադրվի որքանով որ հնարավորություններ կունենանք այստեղ, ուղղակի չգիտեմ որքանով դա ձեզ կգոհացնի: Ես մտածել եմ, որ երեւի թե դուք ձեր հարմարություններով ոնց ձեզ հարմար կլինի, կարվի: Այդ գույքը, ինչ-որ սեղանի կամ աթոռի հնարավորություն կլինի, ձեզ կտրամադրվի»:
Աշխատանքային հանդիպումը մարզպետն ավարտեց հայտարարությամբ. «Շոուներով չեմ զբաղվելու, աշխատելու եմ գիշեր ցերեկ հանուն իմ ժողովրդի, հանուն իմ մարզի: Հուսամ, որ իրար կօգնենք, ոչ թե իրար կխանգարենք»: