Լայնամասշտաբ պատերազմ չի լինի
Արցախի շուրջ ընթացող զարգացումները նորություն չեն ու ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ, կարծում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Կազանյան հանդիպումից ի վեր, Ադրբեջանն ընտրել է բանակցային գործընթացը հայկական կողմերին ուղղված ռազմատենչ հռետորաբանությամբ ու սպառնալիքներով, սահմանին սադրանքներով ու դիվերսիոն գործողություններով զուգակցելու մարտավարությունը:
«Ներկա փուլը հերթական հռետորաբանությունն է: Այն զորահանդեսը, որ հենց այս ժամերին այնտեղ անցկացվում է, այդ նույն նպատակն է հետապնդում: Հասկանալի է, որ այնտեղ հատուկ մի քանի էկզեմպլյար զինատեսակներ կցուցադրվեն: Այստեղ փիար գործոնը շատ մեծ է»,-կարծում է քաղաքագետը:
Իսկանդարյանի խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեն մինչեւ 2016 թվականը շուրջ 3 անգամ ավելացել ու հասել էր 20-30 միլիարդ դոլարի, բայց այլժմ նման բան չկա, որովհետեւ նախկինում մեկ բարել նավթը 150 դոլար էր, հիմա՝ 70: Ալիեւի կողմից ձեռքբերվող զինտատեսակներն ու տեխնիկական միջոցները, ինչպիսին օրինակ, ամերիկյան ուղղաթիռներն են, քաղաքագետը մեդիափուչիկ է համարում, շեշտում է՝ դրանք հարկավոր են փիարի համար: Սա ռազմավարություն է:
Նույն նպատակն են հետապնդում նաեւ Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ու տեխնիկայի տեղաշարժերը՝ հատկապես Փաշինյան-Ալիեւ առաջին ծանոթության ֆոնին: «Սահմանին տեղաշարժերը ռազմական իմաստով դասական երեւույթ են, դա բնական է, որովհետեւ հարեւան երկրում փոփոխություններ են: Ադրբեջանն ապրիլ-մայիս ամիսներին անվտանգության առումով կոլապսի էր սպասում»: Նախիջեւանի հատվածում, քաղաքագետի խոսքով, ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: «Պետք է ընդամենը նայել քարտեզին, բացի այս առանց լայնածավալ պատերազմի, այստեղ ինչ-որ բան սկսելը վտանագավոր է հենց Ադրբեջանի համար»,-նշում է Իսկանդարյանը:
Իսկ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, քաղաքագետն իրատեսական չի համարում, շեշտում է՝ Ադրբեջանը չի կարող իր առջեւ դրված ռազմաքաղաքական խնդիրը լուծել, սակայն , միեւնույն ժամանակ չի բացառվում է ծավալուն սադրանքի հնարավորությունը. «Չեմ ասի, թե մոտ օրերս դա հնարավոր է, բայց ընդհանրապես էսկալացիաները չեմ բացառում: Հնարավո՞ր է ապրիլյան ռազմական գործողությունների մասշտաբի մի բան, այո, հնարավոր է, բայց 2016-ի ապրիլից հետո առաջնագիծը շատ է փոխվել: Սպասե՞լ, որ հենց ապրիլը կկրկնվի՝ ոչ, հետեւանքների առումով՝ ոչ, բայց մասշտաբները՝ հնարավոր են»: