Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին
Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:
Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են բանակաշինության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև: