Սա համարեք գնահատական. Աննա Հակոբյանը դժվարացավ խոսել
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 8-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Դրամայի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին:
Ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ որդու հետ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ներկայացման ավարտին վարչապետի տիկինն անկեղծացավ, որ այն իրեն շատ է հուզել: «Ես, ճիշտ է, խոստացա, որ ներկայացման վերջում կխոսեմ, բայց չեմ կարող ոչ մի բան ասել՝ սա համարեք գնահատական ներկայացմանը»,-նշեց Աննա Հակոբյանը:
«Շատ եմ տպավորված՝ հուզիչ էր: Ամբողջ ներկայացման ընթացքում չկարողացա զսպել հուզմունքս , նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել. թե՛ խաղն էր տպավորիչ, և թե՛ բովանդակությունը: Վերապրեցինք կրկին այդ չորս օրերը»,-անկեղծացավ ՀՀ մշակույթի նախարարը:
«Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի բեմականացումների որպես դիտորդ, բայց այսօր տեսնում եմ միասնություն: Ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով ու մշակույթով: Մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսներին: Մշակույթը պարտավորեցնում է ապագային նայել լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):