Ցմահ դատապարտյալի զավակները՝ Նիկոլ Փաշինյանին
23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց,որ մամուլում տարածված տեղեկատվությանը հավատալով ինքը արդեն մի քանի ամիս սթրեսի մեջ է:
Նա նշեց, որ անգամ մամուլում է հրապարակվել ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ներում է շնորհել:
Ավելի ուշ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցմահ դատապարտյալը և նրա երեխաները նամակ էին հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով, որ նա բացահայտի արդարադատությունը և արձագանքի, թե արդյոք Սերժ Սարգսյանին ուղղված իր ներման խնդրագիրը բավարարվել էր:
«Ես իսկապես դեռ շարունակում եմ հավատալ, որ կյանքիս վերջում կապրեմ ընտանիքիս հետ, բայց ինձ անտեսված եմ զգում ու սարսափելի ծանր եմ տանում այս պրոցեսը: Ես վաղուց եմ զղջացել կատարածս հանցանքի համար, բայց ինձ ոչ ոք չի ուզում լսել»,-նշում է ցմահ դատապարտյալը:
Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի որդին և դուստրը արդարադատություն փնտրելու ճանապարհին այս անգամ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
ՀՀ Վարչապետին
Դիմող՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
պատիժ կրող Ստեփան Գրիգորյանի
որդին՝ Նորայր Գրիգորյան
դուստրը՝ Մարիամ Գրիգորյան
Դիմում
Հարգարժան պարոն Փաշինյան, առաջնահերթ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ, ցանկանալ ուժ ու կորով այդ դժվարին և պարտավորեցնող գործում։
Հարգելի պարոն Փաշինյան, խնդրանքով ուզում ենք դիմել Ձեզ․
Հայրս՝ Ստեփան Գրիգորյանը, 1997թ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, այնուհետև փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Մեր հավաստի տեղեկությամբ 2018թ-ի մարտի 5-ին նախկին նախագահ Ս․Սարգսյանի կողմից որոշում է կայացվել խնդրագրի հիման վրա ներում շնորհել Ստեփան Գրիգորյանին, որի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում սույն թվականի մարտի 8-ին հրապարակում է եղել, ինչպես նաև այլ թերթերում ու վեբ-կայքերում կային հարցազրույցներ, որոնցում լուրը հաստատել է նաև Արդարադատության նախարար Դ․ Հարությունյանը։ Մինչ օրս մեր սպասումները չեն արդարացվել, այսքան ժամանակ սրտի դողով ու անհամբերությամբ սպասում ենք մեր հորը՝ Ստեփան Գրիգորյանին տեսնել ազատության մեջ։ Հայտնի չէ, թե ինչ պատճառով ներում շնորհած ակտը չի հասել իր տրամաբանական ավարտին։
Նույն խնդրանքով դիմել ենք ՀՀ Նախագահ Ա․Սարգսյանին, սակայն դեռ պատասխան չենք ստացել։ Այժմ մեծ հավատով դիմում ենք Ձեզ խնդրանքով ընթացք տալ դիմումին, հանգամանորեն պարզել և տալ համապատասխան հանձնարարականը՝ ավարտին հասցնելու գործընթացը։
Խնդրում ենք Ձեր անձնական վերահսկողությունն այս շատ կարևոր խնդրի կարգավորման հարցում։