Ինչու էին հոսպիտալացրել Շառլ Ազնավուրին
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում վատացել էր հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի վիճակը։ Նա հոսպիտալացվել էր։ Այժմ, սակայն, բժիշկների մոտ նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում: Այս մասին հայտնել են հանրահայտ երգչի շրջապատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մաեստրոյի մեջքն էր բռնվել, ուստի ստիպված էին համերգը չեղյալ համարել,- ասել է գործակալության ֆրանսիացի զրուցակիցը: – Բժիշկները հետազոտում են կատարել: Մեզ ասել են, որ դա մկանային ջղաձգում էր, այնպես որ՝ սարսափելի ոչ մի բան չկա»:
«Նա հիմա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- հավելել է նա:
Ազնավուրի շրջապատից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ, քանի որ երգչի այս տարվա ժամանակացույցում արդեն ազատ օրեր չկային: Սանկտ Պետերբուրգի համերգից հետո Ազնավուրի ծրագրում ապրիլի 28-ին ելույթ է նախատեսված Մոսկվայի Կրեմլյան պալատում: Այս պահին համերգի հնարավոր հետաձգման մասին ոչ մի տեղեկություն չկա: