Երկու անձինք պատրաստել եւ փորձարկել են պայթուցիկ սարք․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի եւ միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին եւ արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական եւ ծայրահեղական դրսեւորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։
Այսպես՝
ԱԱԾ կանոնադրական խնդիրներին առնչվող հետախուզական եւ հակահետախուզական գործունեության, ինչպես նաեւ հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների իրականացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղեկություններ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեության, ծայրահեղական հայացքների տարածման, անհանդուրժողականության եւ բռնության քարոզի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգությունների առաջացմանը, զարգացմանը եւ իրականացմանը նպաստող գործոնների ձեւավորման մասին։
Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողություններ ծրագրելու կապակցությամբ դեռեւս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման եւ վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։
Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն եւ ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել համատարած վախի մթնոլորտ եւ, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։
Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել եւ փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման եւ հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել եւ հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաեւ այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու եւ նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։
Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաեւ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստությունը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) եւ 236-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը) հատկանիշներով։
Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խուզարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) եւ ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն, ինչպես նաեւ վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ եւ ձերբակալվել։
Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվհետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ ենթադրաբար կատարված հանցանքների հանգամանքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտելու, ինչպես նաեւ քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մարմինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապահովելու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները պարզելու համար։
Ազգային անվտանգության ծառայությունը հետեւողական է հանցագործություններից անձանց, հասարակության եւ պետության պաշտպանությունն ապահովելու իր գործառույթների իրականացման հարցում եւ ահաբեկչական ու ծայրահեղական դրսեւորումները բացահայտելու, կանխելու եւ խափանելու ուղղությամբ ձեռնարկվող հակազդման հատուկ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող նկրտումների ցանկացած դրսեւորումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաքների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն։