Տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ներկայացնելով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծերի ու հարցերի ցանկը՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա առաջին կեսին գլխադասային հանձնաժողովների կողմից երեք օրենքների նախագծերի քննարկումների արդյունքներին և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացություններին:
Խորհրդարանի ղեկավարի հաղորդմամբ, հերթական նիստում, համաձայն ԱՀ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածի, Հանրապետության նախագահը կներկայացնի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում:
Կայանալիք նիստում, Բարձարագույն դատական խորհրդի առաջարկությամբ, քննարկմանն է ներկայացվելու նաև Գերագույն դատարանի դատավոր նշանակման հարցը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի ապրիլի 19-ին ժամը 11:00-ին: Օրակարգով ժամը 13:00-ին նախատեսվում է նաև հարցուպատասխանի ընթացակարգ: