Սևանա լճից ջրի բացթողումը կարող է վտանգավոր լինել. Էվելինա Ղուկասյան
«Սևանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում բավականին լավացել է»,-այսօր` ապրիլի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նա նշեց, որ բավականին մեծ խորությունների վրա երևացել են թթվածնասեր կենդանիններ, ինչը վկայում է ջրի թթվածնային հագեցվածության մասին:
Բանախոսի խոսքով` հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանա լճում կա շուրջ 2 հազար 300 տոննա ձկնային պաշարներ, որից 2 հազար 200 տոննան բաժին է ընկնում սիգին:
«Ծածանը, որը մեզ համար միշտ եղել է անցանկալի ձկնատեսակ և լուրջ մրցակից է համարվում էնդեմիկ ձկնատեսակների համար կազմում է մոտավորապես 47 տոննա, իսկ իշխանի պաշարները տատանվում են 15-17 տոննայի սահմաններում: Խեցգետնի պաշարներն էլ Սևանում կտրուկ նվազել են»,-մանրամասնեց Էվելինա Ղուկասյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրենը նշեց, որ անցած տարի Սևանի ջրի մակերևույթը իջել է 4 սմ-ով, որը սակայն լուրջ վնաս չի արձանագրել, սակայն այս տարի չորային է եղել և Սևանա լճից ջրի բացթողումը կարող է վնասակար լինել: