Շիրակի մարզի քամու հետևանքները. արտակարգ իրավիճակ
Շիրակի մարզպետարանում մարզային իշխանությունների, Արտակարգ իրավիճակների նախարարության, էլցանցի տեղի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցել արտակարգ խորհրդակցություն մարտի 24-ի ուժգին քամու պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով։
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Մարզպետարանում հերթապահություն էր սահմանված մինչև ժամը 22.30-ի սահմանները, երբ քամին կտրվեց, սկսվեց անձրև, գտնվել ենք օպերատիվ կապի մեջ թե՛ արտակարգ իրավիճակների նախարարության, և թե՛ նաև էլեկտրացանցի հետ»:
Էլցանցը պլանային անջատումներ են արել, որպեսզի վիճակը չվատանա։ Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը ներկայացրեց, որ 14․54-ից սկսվել են ահազանգերը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն։ Մինչև ժամը 20.00-23․00-ն ընկած ժամանակահատվածում տարբեր բնույթի մոտ 30 արտակարգ դեպքի ահազանգ են ստացել, որոնք վերաբերել են տան տանիքներին հասցրած վնասների, շրջված հենասյուների, ինչպես նաև 8 հրդեհի դեպքերին։
Հատկապես խոշոր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ջրառատ համայնքում ժամը 16,40-ին բռնկված հրդեհը, որի հետևանքով այրվել է 500 անասնակեր, տան տանիքը, ավտոտնակը՝ մոտ 700 քառակուսի մետր մակերեսով։ ԱԻՆ-ի ներկայացուցիչը հավաստեց, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել։
26 բնակավայրերում արձանագրվել է աղետի հետևանքները, մարզային հանձնաժողովը բաժանել են երեք խմբի, տեղում կլինեն, կճշտեն վնասի չափերը ու կներկայացնեն համապատասխան փաստաթղթերով զեկուցագիր։
Վնասներ են կրել Գյումրին, խոշորացված Սարապատ, Անի, Ախուրյանը։ Ծառերի հենասյուների ընկնելու պատճառով վնասվել են գազախողովակաշարեր, կան դպրոցներ, որոնց կտուրներն են վնասվել, օրինակ՝ Արփենիում և Արթիկում։
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանն էլ զեկուցեց, որ արտակարգ հերթապահություն էին սահմանել, պլանային անջատումներ այլևս չկան, բոլորի հոսանքը միացված է, մնացել են միայն վթարային անջատումները։ Թվով 45 համայնք հոսանքազրկվել էր, 70 հենասյուն կա ընկած տարբեր տեղերում, առավոտ շուտ սկսել են վերականգնողական աշխատանքները, 45 բնակավայրերից 20-ում հոսանքը վերականգնվել է։