«ՄԵՆՔ» ՀԿ-ն ցանկանում է 2019 թվականին Վանաձորը դարձնել երիտասարդական մայրաքաղաք
2013 թվականից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով իրականացվում է «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որը էապես նպաստում է մարզային երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների զարգացմանը։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ցանկանում է 2019 թվականին Վանաձորը դարձնել երիտասարդական մայրաքաղաք։ Որպես այս գործընթացի մեկնարկ կազմակերպության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վանաձորի համայնքապետ պարոն Մամիկոն Ասլանյանի հետ և քննարկել դրա կարևորությունը քաղաքի և երիտասարդների համար։
«Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար «ՄԵՆՔ» ՀԿ-ն այսօր կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի մանրամասները, ընտրության չափանիշները, կարգը և այլն։
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական վարչության, Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։