27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացահայտվել է թմրանյութի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր՝ շուրջ 9կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա:  Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը՝ ընդեղենի մեջ: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբվերել է շուրջ 5կգ «մետամֆետամին» և «հերոին» տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105կգ հերոին»,-տեղեկացրել է Սամվել Սանամյանը: Օրերս էլ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ և ոստիկանության հետ համատեղ իրականացված համալիր գործողությունների արդյունքում կանխվել է մոտ 8կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել  է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ եվրոպական երկրներից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ: «Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան. նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,-հիշեցնում է մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:

Ըստ վարչության պետի, ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և քաղաքացիների արագ սահմանահատմանը:

Մաքսանենգության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականի ընթացքում վարչությունը սերտ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլև հանցախմբեր: Գործակցությունն ամրպանդելու նպատակով 2018-ին այդ կառույցների հետ նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր: Իսկ միջազգային համագործակցության բնագավառում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ գործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր կոմիտեների, «RILO» իրավապահպան գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: Օրեր առաջ Վրաստանի մաքսային մարմինների և ֆինանսական ոստիկանության հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռքբերվել, առաջիկայում նախատեսվում է նաև  փոխըմբռնման հուշագիր կնքել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ