Դատավորը չի տիրապետում իրավիճակին. լարված իրավիճակ Ծռերի դատին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի մեկնարկը բավականին թեժ է:
Նշենք, որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռեր»-ի անդամները ի պաշտպանություն իրենց հացադուլ հայտարարած ընկերների հրաժարվեցին իրենց պաշտպաններից և լքեցին դատական նիստերի դահլիճը:
Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց նկատմամբ սանկցիա կիարառելով հեռացրեց դատական նիստերի դահլիճից:
Այսօրվա նիստի հենց սկզբից պաշտպանները հրաժարվեցին գտնվել դատարանում, քանի որ դատավորը որոշում կայացրեց գործում ներգրավել հանրային պաշտպանների:
«Ես չգիտեմ դատարանի որոշումը ճիշտ է, թե սխալ, բայց որ միանշանակ անօրինական է՝ փաստ է»,-ընդգծեց գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Դատավորը մերժեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի միջնորդությունը՝ ամբաստանյալներին վերադարձնել դատական նիստերի դահլիճ և դիրքորոշում հարցնել:
Դատավորը շարունակում է դատական նիստը: Նիստերի դահլիճում միայն պետական մեղադրողներն են և հանրային պաշտպանները:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: