Ջանացեք, տեսեք՝ կկարողանա՞ք, շունշանորդիներ …
Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.
-Իմա՞լ ես, տնավեր, իմա՞լ ես: Չգիտեմ՝ ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա … Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, խորադիր աչքերը, խիտ գանգուրները. շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա էի ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնայք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:
Փոքր Ասիայում կա ﬕ փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնայք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնայք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, ﬕայն մարդկանց երկիրը կա: Ոտք դրի, ուրեﬓ, գարեջրատուն՝ բարև տալու ինձ նման մեկին՝ օտար աշխարհի մեջ ﬕ օտարականի:
-Վա՜յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:
-Դո՞ւ:Եվ այդ «դու»-ն ճիշտ ես էի՝ իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:
-Ինչպե՞ս հոս ինկար:
-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է՝ որտե՞ղ ես աշխարհ եկել):
-Մուշ,- ասաց:
– Ո՞ւր կերթաս, հոս ի՞նչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:Մուշ:Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որն երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է:Տեր Աստված, ի՜նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանտիպումը մի ուրիշ հայի՝ աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե՜զ ինչ, թե գարեջուրը անհամ է, և մե՜զ ինչ անգամ բռնապետությունները…Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:
-Վա՜յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ.- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:Ու երկու գավաթ տեղական գարեջուր բերեց:Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի՝ ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև քաղաքները կործանվել , հայրերը, եղբայներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:
Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մադկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված, երգերը լռած և որի աղոթքները անպատասխան են մնացած:Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված:
Կործանեցե’ք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով: Ջանացեք, տեսեք՝ կկարողանա՞ք, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց…..
Վիլյամ Սարոյան, “Հայը և Հայը”
Նյու Յորք, օգոստոս,1935