30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

Պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ Ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև: Փաստաթուղթը ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ տնօրեն Աշոտ Զարբաբյանը:

Համագործակցության հուշագրեր են կնքվել նաև «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ-ի և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև (փաստաթուղթը ստորագրել են Աշոտ Զարբաբյանը/տնօրեն և Արգամ Ջուլհակյանը/գլխավոր տնօրեն),  «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ–ի և  «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի Այս Հաուս» խումբ) միջև (փաստաթուղթը ստորագրել են Աշոտ Զարբաբյանը/տնօրեն և Արթուր Մուրադյանը/տնօրեն), «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ-ի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև (փաստաթուղթը ստորագրել են Աշոտ Զարբաբյանը/տնօրեն և ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն):

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը նշանակալի իրադարձություն է, քանի որ այն կնպաստի մեր երկրի տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ հօգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման:

«Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարևորվում է նաև նրանով, որ այն բացվում է Իրանի հետ սահմանագծին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իրանական կապիտալով ընկերությունների ներգրավմանը՝ ամրապնդելով ներկայումս առկա սերտ համագործակցությունը։

Ի տարբերություն ներկայումս գործող երկու ազատ տնտեսական գոտիների, այս ազատ տնտեսական գոտին ունենալու է ոլորտային մեծ ընդգրկվածություն՝ ներառելով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները», – ասել է նախարար Սուրեն Կարայանը։

Հիշեցնենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ: Գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու կառուցումը նախատեսված է իրականացնել երկու փուլով:

Առաջին փուլով պետք է ստեղծվեին նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ ԱՏԳ-ն գործարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում աշխատանքները կազմակերպելու համար, ինչն արդեն իսկ իրականացվել է:

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների ընդլայնում, տարածքի հավելյալ ավելացում 70 հեկտարով՝ այսպիսով  ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունեություն ծավալելու համար: Վերոնշյալ  տարածքի շուրջ 50 հեկտարը կհատկացվի շահագործողներին՝ իրենց գործունեությունը կազմակերպելու համար, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսված են գրասենյակային և այլ ծառայությունների համար։

Ազատ տնտեսական գոտու  հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն՝ ներառյալ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։

Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ։

Իրանի հետ սահմանակից տարածքում գործող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կամուրջ կհանդիսանա Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, «Մեղրի» ԱՏԳ-ն կնպաստի ոչ միայն Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ