Անի Հովհաննիսյանի անմեղությունը կապացուցվի
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կայացրած ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։
Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Պաշտպանը հայտնեց նաև, որ Անի Հովհաննիսյանի անմեղությունը բոլոր դրվագներով ապացուցելու համար դիմելու էՎճռաբեկ դատարան:
Նշենք, որ մեղադրողը դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ-ից շորթում կատարելու մասով: Մեղադրողը նշել էր, որ դատարանը որեւէ հիմք չուներ անթույլատրելի ճանաչել՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրված՝ բանկի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի եւ որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա Կիրակոսյանի, տուժող Տիգրան Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայութուն ներկայացրած՝ նրա եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնյաի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը եւ այն զննելու մասին արձանագրությունը, Տիգրան Ուրիխանյանի եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը, Սարգիս Հարությունյանի եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը եւ դրանք բովանդակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրությունը:
Իսկ Անի Հովհաննիսյանի պաշտպանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր Անի Հովհաննիսյանին անմեղ ճանաչել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Այս մասով Անի Հովհաննիսյանն արդարացվել էր:
Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ է հրապարակել: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը: