Վերաօծվեց X-XIII դարերի Հոռոմայրի Սբ Նշան վանական համալիրի վերին աղոթատունը
Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` վերաօծվեց X-XIII դարերի Հոռոմայրի Սբ Նշան վանական համալիրի վերին աղոթատունը:
Անհիշելի ժամանակներից ի վեր գրեթե կիսով չափ խոնարհված այս եռանավ ուխտատեղին, բաղկացած է աջ և ձախ հատվածների փոքրիկ խորաններից և կենտրոնական մուտքին գավիթ դամբարանից, ուր հանգչում են վանականներ: Երկու փոքրիկ խորանները նախատեսված են եղել ճգնավորների ու մենակյացների՝ առանձնանալու և պատարագներ մատուցելու համար:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու իր ընկեր, Թումանյանի տարածաշրջանի էլ.ցանցի պետ Աշոտ Շաքարյանը դեռ շատ տարիներ առաջ ուխտել էին վերականգնել այս աղոթատունը: Եվ նրանք, ամեն տարի այցելելով այս Սրբավայր, վերանորոգում էին իրենց ուխտը՝ հայցելով Բարձրյալից առողջություն և հաջողություն, ուժ և կարողություն իրականցնելու համար Սրբավայրի վերականգնումը: Եվ Աստված լսեց ու օրհնեց նրանց վաստակն ու ձեռքի աշխատանքը և այժմ վերականգնված է Սրբավայրը: Ձեր ուխտը ընդունելի լինի սիրելի բարերարներ:
Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները:
Օծվեցին եռանավ Սրբատեղիի գագաթների զույգ խաչերը և տեղադրվեցին իրենց տեղերում, և ապա աղոթատան ներսում օծվեցին պատարագի Սուրբ Սեղանը և կից երկու խորանները:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ աղոթատան գավիթում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ սպասավորությամբ՝ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի և Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի:
Օծման արարողությանը ներկա էին Լոռու մարզային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քահանա հայրեր, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի քաղաքապետերը, այլ համայնքապետեր, ուխտավորներ Երևանից և տարբեր համայնքներից: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնեց բարերարներ՝ Արթուր Նալբանդյանին և Աշոտ Շաքարյանին, և ապա օրհնության գիր ու սրբապատկերներ նվիրեց: Սրբազանը օրհնության և քաջալերանքի խոսքեր ասաց ուխտատեղիի վերականգնման ճարտարապետին՝ Սուրեն Աբովյանին, և շինարար Հակոբ Հարությունյանին և նրա որդուն՝ Սուրենին, Տեր Վրթանես քահանա Բաղալյանին, Արսեն Տիտանյանին, Արտակ Ապրեսյանին և Համլետ Հակոբյանին:
Սրբավայրի վերականգնման առթիվ գործարար Արտուշ Փարեմուզյանի կողմից կանգնեցվեց խաչքար, և այն նույնպես օրհնվեց:
Ներկա ուխտավորներից ոմանք իրենց համեստ նվերները ընծայաբերեցին Սրբավայրին:
Արարողության ավարտին աղոթատան բարերաների կողմից ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ:
Հոռոմայրի Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ ամեն տարի ուխտի օրերին եկեղեցական խորհուրդներ կկատարի Թումանյանի տարածաշրջանի հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Դիվան Գուգարաց թեմի
10.12.2017թ.