Շիրխանյանը քննարկել է ինքնաթիռ խոցելու մանրամասները. աղմկահարույց ձայնագրության հետքերով
«Ներկայացված ձայնագրությունները անօրինական են և իրավաբանական ուժ չունեն»,-Henaran.am-ին հայտնեց Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Ալումյանը ընդգծում է, որ ԱԱԾ-ն առանց դատարանի թույլտվության է արել ձայնագրությունը. «Ապացույցը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով եւ անթույլատրելի է: Չնայած այդ ձայնագրությունը ֆիզիկապես կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի և չի կարող օգագործվել որպես ապացույց»:
Հայկ Ալումյանի խոսքով` Վճռաբեկ դատարանը այս առումով իրավական որոշում ունի, որով անօրինական է համարում նման կերպ ապացույցի ձեռք բերումը:
Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով: Մեղադրող կողմը պնդում է, թե Շիրխանյանը այս հարցում աջակցել է Արթուր Վարդանյանին:
Նախորդ նիստին մեղադրող դատախազի հրապարակած երկխոսության սղագրությունում քննարկվել են նաև ինքնաթիռը խոցելու մանրամասներ, շոշափվել են նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ներկա և նախկին մի շարք պատգամավորների ու գործարարների անուններ:
Ըստ այդ սղագրության, երկխոսության ենթադրյալ մասնակիցներ Արթուր Վարդանյանն անընդհատ խնդրել է Վահան Շիրխանյանին հանդիպում կազմակերպել Պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ: