«Մինչդեռ Վազգեն Սարգսյանը սպարապետ է, իսկ Գևորգ Սաֆարյանը ամբաստանյալ»
Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում և այսօրվա նիստում դատարանը լսում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի հրապարակային ելույթները:
Ներկայացված տեսանյութերի մասով հայտարարություն արեց նաև փաստաբան Աննա Ջուվանովան:
Պաշտպանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանի ելույթներում հայրենասիրական կոչեր են հնչում և նման կոչեչ հնչեցրել է նաև Վազգեն Սարգսյանը. «Նույնը ասել է Վազգեն Սարգսյանը, մինչդեռ Վազգեն Սարգսյանը սպարապետ է, իսկ Գևորգ Սաֆարյանը ամբաստանյալ»,-ընդգծեց Աննա Ջուվանովան:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նկատեց, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք է պատասխան տա Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվող անօրինականությունների համար:
Այս հայտարարությունը ակնհայտ բարկացրեց պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանին:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։