Քնքշանքի չարն է զնգում վայրենի,,,
ՍԵՐ
Կատուներն իրար այնպես են լիզում,
Քնքշանքի չարն է զնգում վայրենի։
Ապրելու ջանքը չի կորչում իզուր,
Մահն է միշտ ծաղկում կյանքի վազերին։
Դարչինի հոտից և համից նշի
Կիմանաս ինչպես զատվեց խավարից
Լույսը, որ սիրո շերտերով լայնշի
Արարում է ցատկ` ի վեր ցավերից։
Եվ դու պտտվող մարմինների հետ
Հղկում Ես հոգա անկյունները սուր,
Երբ դառնա ողորկ ու պինդ առհավետ,
Կընկնես ինչպես սերմ՝ հավերժող մասուր։
ՈՐՍ
Չի քերվում ժանգը ցավից,
Այս մասին չգիտեն հավքերը,
Կարծր կտուցով հաղորդում են միմյանց
Սեր և ճիչ, որ մարդկանց թվում է երգ։
Նրանք սլացքով խրվում են ջուրը,
Որսում ձուկ։ Մարդու սիրտն է ճխում
Այսպիսի պատկերից։ Ու նորից կյանք
Մարդկային ՝ չոր հացի պես դժվար ուտելի։
Ինչպե՞ս սրվել նետի պես, մխրճվել ջուրը
Օվկիանի, որսալ հատակ քեզ պատկանողը։
Ու մի պահ զգալ դիպակ հարվածի ուժը ՝
Քեզնից պոկված, մաքուր, առանց ժանգի:
ԷՊԻՏԱՖԻԱ
Չարենցին և Մանդելշտամին
Եվ պոետներն անգերեզման,
Երկրագունդն են պտտեցնում,
Իրենց ցավի անեզրությամբ,
Իրենց սիրով լուռ և ցնծուն։
Նրանց պետք չէ տապանաքար,
Երկրագունդն է վայել նրանց,
Իր կշռույթով անտպագիր,
Անասելի վարքով անսանձ։
Եվ ողբալու աստիճանին
Կանգնել ենք մենք խեղճ ու շվար։
Մեզ նայելով խոր տաճարից,
Ծիծաղում են երկու եղբայր։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ