Դաշնակցական թաքուն գործարքներ. Հայկական ժամանակ
Արցախյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ԼՂՀ կառավարությունում առանցքային պաշտոններն այն գինն էին, որ հիմա ստանում է դաշնակցությունը Բակո Սահակյանին նախագահի ընտրություններում սատարելու դիմաց:
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տեղի է ունեցել պարզ գործարք` մենք սատարում ենք քեզ, դու մեզ պաշտոններ ես տալիս: Ու հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդպես փութաջանորեն շտապեց Արցախ, եւ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ ՀՅԴ-ն սատարելու է գործող նախագահին: Ընդ որում, ինչպես այդ օրերին պնդում էին արցախցի դաշնակցականները, ինչպես նաեւ թերթին տված հարցազրույցում դա հաստատել էր Վիտալի Բալասանյանը, այդ որոշումը չէր համաձայնեցվել իրենց հետ:
Երբ Բակո Սահակյանի խոսնակին թերթը հարցրել է` ՀՅԴ-ին տրվելիք այդ պաշտոնները հենց այն գի՞նն էին, որի դիմաց ՀՅԴ-ն սատարեց Սահակյանին, նա մի քիչ սրտնեղած պատասխանել է. “Նախագահին սատարեցին շատ կուսակցություններ, գրեթե բոլոր կուսակցությունները, հիմա կտեսնենք, դա որեւէ բան չի նշանակում: Մեզ մոտ, բարեբախտաբար, կուսակցական մոտեցումը գերիշխող չէ, հիմնականը մարդու ունակություններն են”: