Ո՞վ ես դու
Ո՞վ ես դու: Երկրի մի բուռ հողը չե՞ս… Ուզո՞ւմ ես, որ հոգիդ ազատագրվի և լինի այնտեղ, ուր կապանքներ ու սահմանափակումներ չկան: Ուրեմն, նախ և առաջ, պետք է ազատվես այն բոլոր ցանկություններից, գիտելիքներից ու զգացմունքներից, որոնք աշխարհն է քո մեջ սերմանել: Պետք է անձդ ուրանաս և Աստծու առջև որպես ոչինչ կանգնես:
Ո՞վ ես դու: Երկրի մի բուռ հողը չե՞ս: Նույնիսկ հողից էլ պակաս ես: Դու ոչինչ ես: Կար ժամանակ, երբ դու չկայիր, մինչդեռ աշխարհը գոյություն ուներ առանց քեզ: Հետո Աստված ստեղծեց քեզ ոչնչից: Նախ ստեղծեց հողը, ապա հողից ստեղծեց քեզ: Ինչո՞ւ ես, ուրեմն, մեծարում քեզ: Ո՞վ ես դու, որ մեծարվես: Խոնարհիր գլուխդ երկչոտությամբ ու համեստությամբ, քանի որ ոչինչ ես: Աստծու առաջ կանգնիր բեկված սրտով ու հեզ հոգով, հիշելով ծագումդ: Ավելին ասեմ, դու ոչնչից էլ պակաս ես, քանի որ ոչինչը անգոյությունն է, և անգոյությունն ավելի լավ է, քան մարդու գործած մեղքը, իսկ «…ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում» (Ծնն. 6.5):
Եթե քո մեջ որևէ բարի բան գտնես, հաստատապես համոզված եղիր, որ դա քեզանից չէ, այլ Աստծուց, որովհետև, ի վերջո, միայն Նա է բարի, կատարյալ ու սուրբ, ինչպես Տերն է ասում. «Բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված» (Մատթ.19.17)
Եթե քո մեջ որևէ բարի բան տեսնես, մի հպարտացիր ու մի պարծեցիր, այլ ողջ փառքը վերագրիր Աստծուն: Դա Իր մենաշնորհն է, ոչ թե քոնը, որովհետև Աստված է ստեղծել բարին: Բարին ու բարությունն իսկ հենց Ինքն է: Առանց Նրա դու ոչնչություն ես, ոչինչ չես կարող անել:
Շենուդա Գ հայրապետ «Հոգու ազատագրումը» գրքից