30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի». Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս  Գալստանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով , ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի եկեղեցուն առնչվող հայտարարություններին,  նկատեց.«Շատ մի լրջացրեք այդ մարդու ասածը: Ուղղակի մոռացեք այդ մասին» :

Բագրատ Սրբազանը մեզ տրամադրեց տարիներ առաջ իր հրապարակած հոդվածներից մեկը, որով կոչ է անում Հրանտ Բագրատյանին.«Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի»:

Ներկայացնում ենք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոդվածը.

«Վերջին ժամանակներս կյանքի բոլոր ոլորտներում մեր հասարակությունը ենթարկվում է զանազան փորձությունների և տարատեսակ գաղափարական արշավանքների, որոնք առաջին հայացքից անմեղ և անկարևոր են թվում, սակայն բովանդակային իմաստով խորքային, հայեցակարգային և մտածողության վրա ազդելու և «նորի» անվան ներքո աշխարհայացք ձևավորելու միտումներ ունեն: Այս առումով արժեհամակարգի վերաձևման «նոր» լույսի ներքո փորձ է արվում նորովի տեսնել Հայ Եկեղեցու դերը ազգաստեղծման և պետականաստեղծման առաքելության մեջ, հիմնականում բացասական և ժխտական «նորահայտ» ըմբռնումներով և բացարձակ սուբյեկտիվ մեկնաբանություններով՝ հիմնված տվյալ անձի ոչ անպայման գաղափարական մտածողության, այլ անհատական զգացումների և դրդապատճառների վրա: Այս իմաստով բացառություն չէ նաև իմ երկրի վարչապետի (հոգ չէ թե նախկին)` Հրանտ Բագրատյանի religions.am կայքում 14.05.2011. տեղ գտած հարցազրույցը, որին ժամանակային առումով այսքան հեռավորությունից չէինք անդրադառնա, եթե այն վերստին շրջանառության չդրվեր և որոշակի կերպով մտածողության չափանիշ դառնալու հավակնություն չունենար: Թույլ տվեք ի սկզբանե հայտարարել, որ ոչ միայն այս, այլև զանազան այլ գրություններ ես չեմ գրում ո՛չ զայրույթով, ո՛չ ցասումով, ո՛չ ատելությամբ և ոչ այլ ինչ անձնական զգացումներով, այլ սիրով, խաղաղությամբ, դրական և անանձնական լույսի ներքո, սակայն մտահոգությամբ, հաստատ համոզումով և անսակարկ քննադատությամբ՝ պատրաստ նաև բանական քննադատության, առանց վիրավորանքների և հայհոյության:

Այժմ անդրադառնանք բուն հարցազրույցին, որի որոշ դրույթներ որակել էինք բացառիկ ապաշնորհ և անգրագետ. կրկնում եմ որոշ դրույթներ և ոչ Բագրատյան Հրանտ անձը: Ցավոք, այդ որոշ դրույթները հենց հիմնական և առանցքային գաղափարներն են` առնչված Հայ Եկեղեցու ազգաստեղծ և պետականաշեն առաքելությանը, այն էլ պատմագիտական ահռելի սխալներով և կամայական անճշտություններով ողողված: Զարմանալի է և ցավալի, որ իմ վարչապետը նման կերպ կարող է վերաբերվել իր իսկ սեփական կենսագրությանն ու ինքնության պատմությանը, ամեն գնով փորձելով արդարացնել իր անձնական թեզիսները: Առանց երկարաբանելու նախ անդրադառնամ պատմական տվյալների բացարձակ անճշտություններին (կամա թե ակամա), որոնց վրա պրն. Բագրատյանը կառուցել է իր վերլուծությունը: Այսպես՝

  1. «Մեզ է հասել նաև Պապ թագավորի մասին պատմությունը` շարադրված Ագաթանգեղոսի կողմից, որտեղ ակնհայտ է կոնֆլիկտը Պապի և եկեղեցու միջև»: Հակառակ մեր բոլոր ջանքերին` պարզելու Ագաթանգեղոսի և Պապ թագավորի կապը և հայտնված տեղեկությունները մեզ այդպես էլ չհաջողվեց: Հավանաբար, գոյություն ունեն բանասիրությանն ու պատմագիտությանն անհայտ Ագաթանգեղոսի նորագիր պատառիկներ, որոնց տիրապետում է միայն Հրանտ Բագրատյանը: Հայտնեմ, սակայն, որ մեզ միայն հայտնի է Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի պատմությունն այս մասին: Հատկապես Մովսես Խորենացու տեղեկությունը վկայում է, թե ինչպիսի առանցքային դերակատարություն է ունեցել Ներսես Մեծ հայրապետը Հայաստանի խառնակ ժամանակներում Պապին թագավորեցնելու, Հայաստանի ազատագրման և ապա կենտրոնախույս բոլոր ուժերին նրա հետ հաշտեցնելու հարցում: Ցավոք, հետագայում այդ ուժերն էլ պատճառ դարձան նրա սպանության, որը հետագայում ձգվեց մինչև Մուշեղ Մամիկոնյան սպարապետի սպանությունը:
  2. «Շատ հետաքրքիր է, որ երբ Վահրամ Պահլավունին իր ամբողջ զինուժով քաշվեց-գնաց Վրաստան, որը հիմք ծառայեց Թամար թագուհու ու Դավիթ Շինարարի համար (ի դեպ, դա վրացական պետության միակ լուսավոր էջերն են), Հայաստանում զինուժ չմնաց, որովհետև եկեղեցու շրջանակներում զինուժ չի դաստիարակվում»: Զուտ թվական տվյալներով հայտնեմ, որ Վահրամ Պահլավունին նահատակվել է 1046/47թ.-ին Անիի պատերի տակ զենքը ձեռքին մարտնչելով Դվինի Էմիր Աբուլ-Ասվարի դեմ, իսկ վրաց Թամար Մեծ հռչակված թագուհին գահակալել է 1184-1213թ.-ին, Դավիթ Դ Շինարարը՝ 1084-1125: Այս պարզ թվային համադրությունն իսկ չափազանց խոսուն է, եթե իհարկե չենք խոսում հարության իրականության մասին: Իսկ զինուժի դաստիարակման առումով լսե՞լ եք Մուշեղ, Վասակ, Վարդան, Մանվել Մամիկոնյանների, Սմբատ Բագրատունու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Աշոտ Բ Բագրատունու, Լևոն Բ թագավորի, Սմբատ Գունդստաբլի, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի, Սևքարեցի Սաքոյի և շատ ուրիշների մասին:
  3. «Քրիստոնեությունը 10-րդ դարում կիսվեց և հիմա ներկայացված է երեք խոշոր կոնֆեսիաներով: Հայերի լկտիությունն այնքան հերիքեց, որ այդ երեքից ոչ մեկին չմիացան: Եվ սրա հիմքում փոքրիկ մաֆիան է, որը կոչվում է Հայ եկեղեցու կառավարում: Եվ այդ ֆրազով, որը դուք նշեցիք, եկեղեցին փորձում է խաբել, մոլորեցնել հավատացյալներին»: Քրիստոնեության պատմությանը հայտնի «Մեծ Հերձվածը» տեղի է ունեցել 11-րդ դարում (1054թ.) Հռոմի և Կ.Պոլսի Աթոռների միջև դավանական և շատ հավանաբար քաղաքական գետնի վրա, որից հետո Հռոմի Աթոռն իրեն հռչակեց «Կաթոլիկ», իսկ Կ.Պոլսինը՝ «Տիեզերական»: Հետագայում 16-րդ դարում Կաթոլիկ եկեղեցուց ծնունդ առավ Բողոքական շարժումը: Պարզ դատողությունն էլ վկայում է, որ հայերի «լկտիությունն ու կառավարող մաֆիան» (հավանաբար հարազատ կառավարման սկզբունք) բացարձակ առնչություն չունէին այս ամենի հետ: Թերևս «լկտի և մաֆիոզ կառավարիչներ» ասելով հեղինակը ի նկատի ունի Կոմիտաս կաթողիկոսին, Սահակ Ձորափորեցուն, Սբ. Հովհան Օձնեցուն, Խոսրովիկ Թարգմանչին, Ստեփանոս եպիս. Օրբելյանին, Մխիթար Գոշին, Վանական վարդապետին, Վարդան Արևելցուն, Գրիգոր Մագիստրոսին, Եսայի Նչեցուն, Հովհան Որոտնեցուն, Սբ. Գրիգոր Տաթևացուն, նույնիսկ Սբ. Ներսես Շնորհալուն և այլ մեծերի՞ն: Խնդրում եմ զգույշ վարվեք և երբեմն հիշեք հայելու գոյության մասին:
  4. «Մի պահ Կիլիկիան նույնիսկ կաթոլիկություն ընդունեց»: Կիլիկիո Հայկական Թագավորությունը երբեք Կաթոլիկություն չի ընդունել: Եղել է միտում Գրիգոր Զ Ապիրատ (այդ պատճառով էլ մականվանվել է Ապիրատ) կաթողիկոսի կողմից միանալու Կաթոլիկ եկեղեցուն, ինչպես նաև Հեթում Բ թագավորը Կաթոլիկ դավանանք է ընդունել և միացել ֆրանցիսկյան միաբանության լքելով պետության կառավարումը: Պատմագիտությունը մեծավ մասամբ վկայում է, որ Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) պատճառ հանդիսացան դեպի արևմուտք, մասնավորաբար Հռոմ քաղաքական ուղղվածությունը՝ կաթոլիկության ընդունման ձգտումով և իշխանների գահակալական ներքին կռիվները, որոնց ոգի ի բռի ընդդիմանում էր Հայոց Եկեղեցին թե՛ արևմուտքում և թե՛ արևելքում: Ինչպես վկայում է Ստեփանոս Սյունեցի Օրբելյանը հալածված Կոնստանդին Բ Հայոց կաթողիկոսը բանտ նետվելու պահին իսկ վերցրել է Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին՝ մի դրվագ, որ կարող է ուսանելի լինել այսօրվա «պետական մտածողություն» ունեցողների համար: Սա նաև ընդհանուր առմամբ այն ներմտածողության բացառիկ արտահայտությունն է, որի կրողը եղել է Հայ Եկեղեցին՝ ազգաստեղծման և պետականաստեղծման առումով, որին կանդրադառնանք ստորև:
  5. «Մենք ունեցել ենք 132 կաթողիկոս, որոնց գրեթե բոլորի գերեզմանները և ծննդյան ու մահվան տարեթվերը մենք գիտենք: Առ այսօր մի թագավորի գերեզման չի պահպանվել»: Կարծում եմ իր վարչապետության տարիներին պրն. Բագրատյանը կամ իր ենթակաները պետք է որ այցելած լինեին Աղձ կամ Աղց գյուղը: Եթե ոչ ապա ասեմ, որ այն գտնվում է Աշտարակից 8կմ. հեռավորության վրա: Այնտեղ է գտնվում Արշակունի թագավորների դամբարանը ընդ որում հեթանոս և քրիստոնյա: Ներշնչումի և սեփական կենսագրությունը իմանալու համար խորհուրդ կտայի այցելել: Ցավալիորեն, ոչ բոլոր կաթողիկոսների և լուսավոր վարդապետների գերեզմաններն են պահպանվել, իսկ պահպանվածն էլ մշակույթի նախարարության «խնամքի և հովանու» ներքո հայտնվել էին ոչնչացման եզրին՝ վկան Սբ. Հովհան Օձնեցու գերեզմանը:
  6. Այժմ շատ չարչրկված Պետրոս Ա Գետադարձի հակասական կերպարի մասին, ում այդքան ջերմեռանդությամբ անդրադառնում են մեր նորօրյա պատմագիրները: Ինչպես հայտնում են մեր պատմիչները (Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի) նա եղել է բացառիկ բարձր ուսումով իր ժամանակի զարգացած այրերից, սակայն «գանձասեր», մեծ հարստության և ազդեցության տեր, իսկ գաղափարական իմաստով ունեցել է բյուզանդական կողմնորոշում: Այսուհանդերձ, բացարձակ սխալ է Անիի թագավորության անկումը վերագրել սոսկ կաթողիկոսին առանց վերլուծելու ներքին գահակալական կռիվները Աշոտ և Հովհաննես-Սմբատ արքայազների միջև (որոնց հաշտեցնողների գլխավոր դերակատարն հենց Պետրոս կաթողիկոսն էր) առանց Վեստ Սարգիս ազդեցիկ իշխանի միջամտության, Սենեքերիմ Արծրունու ամբողջ Վասպուրականը բյուզանդացիներին զիջելու փաստի և այլ հանգամանքների, որոնք թուլացրել էին ողջ թագավորությունը: Պետրոս Գետադարձը իր ազդեցությունն ունենալով հանդերձ ըստ էության կնքեց Հովհաննես-Սմբատ արքայի կտակը՝ Անին հանձնելով բյուզանդացիներին: Այդուամենայնիվ, զգալով իր խաբված լինելը զղջալով հետ է կանգնել իր բյուզանդամետությունից և Հայ Եկեղեցու գաղափարական հենքը զորացնելու նպատակով պատվիրել Անանիա Սանահնեցի վարդապետին գրել «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը: 
    (շարունակելի)»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ