«Յա՜, էդ հայերը ո՞վ եղան, որ այդպիսի բան են ուզում անել»
«Խորհրդային Հայաստանը բնակչության թվով ամենափոքր երկրներից մեկն էր: Ինձ ցույց տվեք այդ փոքր երկրներից մեկը, որը կունենա այնպիսի վիճակ, ինչպիսին մեզ մոտ է եղել. ահա մեր քաղաքաների անունները. Լենինական, Կիրովական, Ազիզբեկով, Կալինինո, Հոկտեմբերյան, Նոյեմբերյան… Ու այս անունները կարելի է շարունակել: Հիմա եկե՛ք Երևանը նայենք. գլխավոր պողոտան Լենինի անունով, մայրաքաղաքում գտնվող երկու մեծ կինոթատրոնների անուններն էլ՝ Ռոսսիա, Մոսկվա: Ցույց տվե՛ք ինձ մի խորհրդային երկիր, որ տեղ այսպիսի իրավիճակ էր: Այն, որ այսպիսի անուններ էին ընտրվել, Մոսկվա՞ն էր ստիպել: Իհարկե, ո՛չ: Մենք ուզում էինք մեր ստրկությունը ցույց տալ՝ այդ հովանավորչությունը պահելու համար: Այո՛, անում էինք ավելին, քան նույնիսկ Մոսկվան էր պահանջում: Նույնը վերաբերում էր ուծացմանն ու ռուսականացմանը: Ռուսական դպրոցների թվով Հայաստանը չգիտեմ՝ ինչ արդյունքներ էր գրանցել: Սա մեր հպատակության արտահայտւթյունն էր: Ինչքան շատ ես տալիս, այնքան շատ են ուզում. մենք ինքներս ենք մեզ այս վիճակի մեջ դնել: ՀԻմա էլ, այս փողոցների անվանափոխության հետ կապված՝ ես պատկերացնում եմ՝ ռուս չինովնիկները ինչեր կարող են ասել, կասեն՝ յա՜, էդ հայերը ո՞վ եղան, որ այդպիսի բան են ուզում անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը:
Վերջինս շեշտեց՝ երբ ռուս պաշտոնյաները գալիս են Հայաստան, պետք եղածից ավելի, նորմայից ավելի մեծ շուքով ենք նրանց ընդունում:
«Մենք մեզ պիտի արժանապատիվ պահենք, պիտի ցույց տանք, որ ՌԴ-ի գործընկերն ենք, բայց ՌԴ-ն Ադրբեջանին զենք է ծախում, մենք էլ ոչինչ անել չենք կարողանում: Հավատացե՛ք՝ մենք ենք մեզ այս վիճակի մեջ դրել. պիտի արժանապատվություն ու հպարտություն ունենանք», – նշեց Ավետիք Իշխանյանը: