«Եթե «Սասնա ծռերին» արդարացնում են, վաղը Նաիրի Հունանյանին էլ կարող են արդարացնել»
Henaran.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-Անցել է ուղիղ մեկ տարի «Սանա ծռերի» գործողություններից, և իշխանությունների կողմից այն որակվում է որպես ահաբեկչություն, իսկ որոշ ընդդիմադիրներն էլ ասում են, որ հանցակազմ են տեսնում: Ձեր գնահատականը նո՞ւյնն է մնում, դա ահաբեկչությո՞ւն էր:
-Մեկ տարի առաջ` մեր ոստիկաների հուղարկավորման օրը, գնահատական տվել եմ այս դատապարտելի գործողությանը և բառացի ասել եմ, որ ում դուրը գա, ում դուրը չգա, ես սա անվանում եմ ահաբեկչական գործողություն: Նույն կարծիքին եմ մնում` մեկ տարի անց հիմնական դասը, որ կարող է քաղել մեր հասարակությունը, պետք է լինի այն, որ սեփական երկրում զինված ապօրինի պայքար մղելն անթույլատրելի է, սեփական երկրում եղբայրասպանությունն ու մարդասպանությունն անթույլատրելի են, կրկնակի անթույլատրելի է հարձակվել ՊՊԾ գնդի վրա և կյանքից զրկել 3 ոստիկանի, ովքեր իրականացնում էին պետական ծառայություն: Ինձ համար ՊՊԾ գնդի վրա հարձակվեն ու Հայաստանի սահմանի վրա հարձակվելը հավասարազոր են, այն մարդիկ այնտեղ ծառայություն էին կատարում: Անթույլատրելի է նաև մարդասպանությունն ու եղբայրասպանությունը, ոստիկանների սպանությունն արդարացնել նրանց դժգոհությամբ, դրա համար կա օրենք:
Մնում էր, որ մեր ընդդիմադիր գործընկերները հանցակզմ չտեսնեին: Երեք մարդ է սպանվել, 15 օր շարունակ պետությունը կաթվածահար է եղել, և բժիշկներ ու գերիներ են այնտեղ եղել: Ամերիկայի դեսպանատնից մինչև միջազգային կառույցներ բոլորը քննադատեցին ու դատապարտեցին: Ես խելքը գլխին մի գործիչ չեմ տեսել, ով չդատապարտի այս խմբի գործողությունները` անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով է ընդդիմություն: Վերանանք դրանից, կա պետության շահ, և յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում բոլոր գործիչներն էլ պետք է դատապարտեն զենքով հարցեր լուծելը, Հայաստանում` կրկնակի, որովհետև ցանկացած նման դեպք կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների: Նաև օգտվելով առիթից, որ մեկ տարին է լրանում, ես իմ հարգանքի ու խոնարհումի խոսքն եմ ասում անմեղ ոստիկաններին, ովքեր դավադիր գնդակից զոհվեցին:
Եվ երկրորդ կարևոր քայլը, որի մասին շատերը լռում են, այն է, որ այդ ահաբեկչական գործողության ժամանակ Հայաստանը կանգնած էր շատ լուրջ ընտրության առջև. Իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Սարգսյանի խոհեմ և ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից: Միգուցե, շատ ժողովրդավարական երկրներում 15 օր չբանակցեին, այլ միանգամից հրաման տային ոչնչացնել այդ խմբի անդամներին, ովքեր պահում էին կենդանի պատանդներին ու կյանքից զրկել էին ոստիկանների: Մեր հավասարակշռության արդյունքում կարողացանք նոր զոհերից խուսափել: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չի ցանկանում նման իրավիճակներ և նման դեպքերում փորձում է հնարավորինս խաղաղ ճանապարհով հանգուցալուծել իրավիճակը:
-«Սասնա ծռերն» իրենք գործողություններն արդարացնում էին նրանով, որ երկրում առանց զենքի հնարավոր չէ իշխանափոխություն անել, նույնն են ասում նաև նրանց աջակիցները ներկայումս: Տրամաբանություն տեսնո՞ւմ եք սրանում:
-Կներեք, Ռամիլ Սաֆարովն էլ Գուրգեն Մարգարյանի սպանությունն արդարացնում էր նրանով, որ իր պապերը, չգիտեմ, որտեղից են, այսօր հայկական հողերը ազատագրել են և այլն, և այլն: Ադոլֆ Հիտլերն իր մարդասպանություններն արդարացնում էր նրանով, որ Գերմանիային նոր կենսական տարածքներ են պետք: Ցանկացած հանցագործություն կարելի է ինչ-որ բաներով արդարացնել: Դրան արդարացում չկա, դա իմ տեսակետն է: Եվ ուզում է լինի, Հայաստանում մարդասպանությունը, եղբայրասպանությունն անթույլատրելի են, և դա պետք է մերժվի բոլորի կողմից: Իսկ եթե ցանկանում են արդարացնել, շատերը կարող են նման բաներ ասել: Կան բաներ, որ արդարացում, ընդհանրապես, չունեն:
–Նույնիսկ «Սասնա ծռերի» գործողությունները դատապարտողներից ոմանք ասում են, որ այսօր էլ «Սասնա ծռեր-2»-ի հնարավորություն կա: Դուք ինչպե՞ս եք նմանատիպ հայտարարություններին վերաբերում:
-Ցանկացած նորմալ, ժողովրդավարական երկրում պետք է դատապարտվի հակաօրինական գործողությունը, իսկ նմանատիպ զինված ապստամբությունը կամ զինված միջոցներով խնդիրներ լուծելը մեր պետությունը մի քանի տարի հետ կտանի: Մենք շատ ենք խոսում ժողովրդավարության մասին, բայց մոռանում ենք, որ դա նախևառաջ օրենքի գերակայությունն ու առաջնահերթությունն է: Պետք է ապավինել օրենքին, այլ ոչ թե ով ոնց պատկերացնի երկրի ապագան, զենքը վերցնի, գնա հարց լուծի: Ինչպիսի չարիք գործել է Նաիրի Հունանյանը, նմանատիպ չարիք էլ դա է: Եթե դա արդարացնում են, վաղը Նաիրի Հունանյանին էլ կարող են արդարացնել: Եթե ամեն մեկն այդպես է պատկերացնում Հայաստանի ապագան, դե նման կերպ պետությունը կորցնե՞նք, վերջացնե՞նք:
Որևէ զինված գործողություն պետք է դատապարտվի և´ օրենքով, և´ հանրության կողմից, և´ առհասարակ քաղաքական գնահատականներով: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա ոստիկանության ընտանիքներին, մարդկային կյանքից ավելի թանկ բան կա՞: Այդ 3 ոստիկանները, նրանցից գնդապետ Վանոյանը, որ և արցախյան պատերազմին, և ապրիլյա պատերազմին գնացել էր սահման, որ թուրքի գնդակից չընկավ, բայց իր ազգակցի գնդակից ընկավ, բա ո՞վ պիտի պատասխան տա այդ երեխաներին, որ անհայր են մնացել, մայրերին, որ առանց որդի են մնացել, կանանց, որ առանց ամուսին են մնացել: Ամեն մեկս թող մեզ վրա վերցնենք, մեծ-մեծ խոսացողները, որ փորձում են արդարացնել «Սասնա ծռերին», թող իրենց ընտանիքի վրա դա պատկերացնեն, տեսնեմ` այդ ժամանակ այդպես կխոսեն, թե չէ: