Բիզնեսը փախչում է Հայաստանից. օտարերկրյա ուղղակի ներդրումները բացասական են. Վարդան Արամյան /Տեսանյութ/
Կառավարությունը հաստատել և Ազգային ժողովի հաստատմանն է ուղարկել 2025 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է 2025 թվականին բյուջե մուտքագրել 2 տրլն 873 մլրդ դրամի հարկ, տուրք և այլ եկամուտներ, ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ գումար, ինչի հետևանքով բյուջեն կունենա 609 մլրդ դրամ պակասուրդ։
2025 թվականի համար Կառավարությունը նաև կանխատեսել է 5.8 տոկոս տնտեսական աճ՝ ավելի վաղ նախատեսված 7 տոկոսի փոխարեն։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով 2025 թվականի բյուջեի նախագծում արձանագրված կանխատեսումների մասին, ընդգծեց՝ խիստ կասկածներ ունի, որ Կառավարությունը կկարողանա ապահովել անգամ այդ 5.8 տոկոս տնտեսական աճը։
«Հայաստանի տնտեսությունը պոտենցիալի աճ չունի, հետևապես՝ շատ հաճախ վիճակագրական թվերի մեջ ավելի շատ աղմուկ կա, քան իրականություն։ Մեզ մոտ ոչ միայն տնտեսությական աճի կառուցվածքի խնդիր կա, այլև այսօր ունենք նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք 2024թ-ի առաջին կիսամյակի տվյալներով։ Իսկ եթե սրան ավելացնում ենք նաև ներդրումների համար մեկ այլ աղբյուր հանդիսացող՝ բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրվող վարկերի դինամիկան, տեսնում ենք որ ակնհայտորեն արտահանելի հատվածը զիջում է ոչ արտահանելի կամ սպառմանը գնացող վարկերի ծավալներին։ Օրինակ բանկերի կողմից արդյունաբերությանը տրված վարկերի միջին պորտֆելը 2018 թվականի ընթացքում 515 միլիարդից այս տարիների ընթացում ոչ միայն չի աճել, այլև այդ թիվը նվազել է հասնելով 2023 թվականի միջինում 497 մլրդ և 2024թ-ի ութ ամիսներով 490 միլիարդի։ Փոխարենը աճում են այն ճյուղերը, որոնք կարող են րոպեների ընթացքում կանգնել, օրինակ՝ բնակարանային շինարարություն, ռեստորանային բիզնեսը»,- իր մտահոգությունը ներկայացրեց Վարդան Արամյանը։