Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը
Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող Մոմթազ» ՍՊԸ-ում:
Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ: Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները:
Ծառայությունն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու և շուկայից ետ կանչելու հանձնարարական:
Տեսուչները նաև պարզել են, որ կազմակերպությունն անցել է համապատասխանության գնահատում և ունի EAC համապատասխանության հայտարարագիր։