Ապատեղեկատվություն է. հայկական կողմը վիրավորներ չունի
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում, այս մասին տեղեակցնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Հիշեցենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն ավելի ուշ դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։
Նշենք նաև, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել , որում կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: