Դեռ շատ նավթեր են հոսելու
Ալիևի ընտրական արարողությունն ավարտվեց, և, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այն գնահատեց ոչ դեմոկրատական՝ փաստեց, որ ընտրությունն անցել է լուրջ խախտումներով: Փաստացի ալիևյան “այգերով ընտրությունը” (Արևմտյան Սամոայում ընտրությունների ժամանակ ավագները քվեարկում են բոլորի փոխարեն), որքան էլ նավթահոտ դեմոկրատիայով փորձվեր ներկայացվել իբրև միջազգային ստանդարտներին համապատասխան, այնուամենայնիվ, թե ինստիտուցիոնալ, թե գաղափարա-արժեհամակարգային տեսանկյունից այնքան հեռու էին ազատ ու արդար լինելուց, որքան կոմունիզմը լիբերալիզմից:
Հետևաբաար, նույնիսկ Բաքվի նավթով խիստ շահագրգիռ Եվրոպայում չկարողացան թաքցնել ընտրություններում արձանագրված տոտալիտար ռեժիմին հատուկ ոստիկանական տեռորը, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները, ֆեյսբուքյան հետապնդումները, վարչական, գաղափարական, հոգեբանական, քաղաքական ճնշումները և այլն:
Հայտնի է, որ դիկտատուրան ժամանակի ընթացքում լիբերալիզմի ճնշումների տակ մեղմանալու միտումներ ունի, բայց Ադրբեջանում, ժամանակի ընթացքում այն էլ ավելի է խստանում, և, գնալով ադրբեջանական դիկտատուրան ավելի ավտարկիական բնույթ է ստանում, այսինքն՝ ձևավորվում է մեկ անձի երկաթյա իշխանություն: Այդ է վկայում Ադրբեջանի սահմանադրության անշրջելի ալիևացումը, և :
Ընդհանրապես, ալիևացումը դարձել է այդ երկրի յուրատեսակ գաղափարախոսություն, որը ներխուժել է հասարակության կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներ՝ “հայր-որդի տանդեմով”: Բաքվում չինովնիկներն ու քաղաքական գործիչները այս անգամ էլ եվրոպական գնահատականը քննադատեցին հակահայկական ֆոն ապահովելով, թե, իբրև, Հայաստանում ամեն ինչ շատ վատ էր ընտրությունների ժամանակ, բայց դրա վրա աչք փակվեց:
Ադրբեջանական նորաթուխ ինքնությունը միշտ էլ լուրջ խնդիրներ ունի առանց հակահայկականության, բայց ցավալին այն է, որ դա դարձել է համակարգային խոր սինդրոմ: Այն, որ Հայաստանում, այս առումով ամեն ինչ լավ չէ, հասկանալի է, բայց որ դրա մասին խոսում են մի երկրում, որը համարվում է ամենաավտորիտար երկրներից մեկը, արդեն դիլետանտություն է: Դե, իսկ 85 տոկոսանոց կոմունիստական ցուցանիշն էլ ամենից խոսուն իրականությունն է: Փաստորեն, դեռ շատ նավթեր են հոսելու:
Արման Սահակյան քաղաքագետ