«Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք». ինչ նկատի ունի Հիսուս Քրիստոսը
Ողորմություն տալու մեջ մեծ առատաձեռնություն ցուցաբերենք, որպեսզի տալով մի փոքր՝ արժանանանք մեծ պարգևների: Քանի որ, ասա ինձ, ի՞նչ հավասարություն կա այստեղ, տալ մի փոքր գումար և ստանալ մեղքերի թողություն: Կերակրել քաղցածին և համարձակության արժանանալ դատաստանի ահավոր օրը ու լսել խոսքերը, որ թագավորություններ արժեն. «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք»:
Մատ. 25:35
Մի՞թե Նա, որ քեզ արժանացնում է շնորհների, չի՞ կարող նույնն անել և կաիրքավորների համար ու բավարարել նրանց պակասությունները: Բայց Նա թողնում է նրանց աղքատության մեջ այն բանի համար, որպեսզի նրանք արժանանան մեծ պարգևների՝ համբերությամբ այդ բոլորը կրելու համար, և դու էլ ողորմություն տալով, ձեռք բերես անվեհերություն:
Տեսա՞ր Տիրոջ մարդասիրությունը, ինչպես է Նա ամեն բան մեր փրկության համար ծառայեցնում: Եվ այսպես, երբ մտածես, որ կարիքավորը պայքարելով աղքատության դեմ, տկարանում է սովից, քո օգտի համար, մի անցնիր նրա մոտից անտարբեր, այլ եղիր հավատարիմ բաշխողն այն բանի, որ վստահված է քեզ Տիրոջ կողմից, որպեսզի բավարարես աղքատի կարիքները և դու էլ ձեռք բերես քեզ համար մեծ օգնություններ:
Փառավորիր Տիրոջը, որ Նա քո փրկության համար թույլ է տվել այդ մարդուն ապրել աղքատության մեջ, որպեսզի դու դրանով կարողանաս գտնել քեզ համար միջոց, թե մեղքերդ սրբելու և թե բարի կերպով օգտագործելու Տիրոջից քեզ վստահված բարիքները ու վաստակել այն գովքը, որ վեր է ամեն խոսքերից ու մտքից, քանի որ դու կլսես հետևյալը. «Բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր Տիրոջ ուրախության մեջ» :
Մատթ. 25:23
Տեր Հովսեփ քահանա Հակոբյան