Մեկ ամիս առանց լույսի.«Սարի թաղի» գործով կալանավորվածի կինը հուսահատ է
«Սարսափելի վիճակում ենք, անմխիթար ու ելք չկա: Անգամ ճաշ չեմ կարողանում եփել երեխուս համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
«Մեկ ամսից ավել է հոսանք չունենք: Չգիտեմ ո՞ւմ դիմել, ո՞վ կօգնի: Ամուսինս էլ բանտում է տառապում: Առողջական վիճակը գնալով վատանում է: Հիմա էլ բարձր ջերմություն ունի: Ես աշխատանք չունեմ ու խեղճ աղջիկս արդեն լուրջ սթրես է տանում»,-մանրամասնեց Բերնեցյանը:
Կնոջ խոսքով՝ Էդուարդը տան միակ կերակրողն է եղել ու նա փողոց էր դուրս եկել իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:
«Գոնե լույսի հարցը լուծվեր, չեք պատկերացնի ինչ սարսափելի է առանց լույսի ու զգում եմ, որ կամաց-կամաց հոգեկան աշխարհս քայքայվում է »,-հուզվեց Լալա Բերնեցյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: