Սյունիքի մարզպետը չի նեղսրտել
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի նեղսրտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սյունիք կատարած այցի ժամանակ արված դիտողություններից: “Դա աշխատանքային գործընթաց է, իսկ եթե կա աշխատանք, լինում են նաեւ որոշակի թերություններ, որոնք անպայման կշտկվեն”,-ասաց Վահե Հակոբյանը:
Չնայած մարզպետի 100 օրը լրանալու առիթով առաջիկայում ասուլիս կկազմակերպվի, սակայն, նա լրագրողների հետ զրույցում կիսվեց առաջիկա անելիքներից: Մասնավորապես, 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը արվելու են դիվերսիֆիկացման քաղաքականության միջոցով՝ զարգացնելով միջին եւ փոքր ձեռնարկատիրությունը:
”Սյունիքի մարզի տնտեսությունն հիմնված է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վրա, որոնք մարզի ՀՆԱ-ի 85% են կազմում, 10%-ը էներգետիկ ոլորտն է, 5%-ը մնացած այլ ճյուղերինը ”,-ասաց Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով, Սյունիքը համեմատական առավելություններ ունի գյուղատնտեսության, մեխանիկայի, այլընտրանքային էներգիայի, սննդի վերամշակման ոլորտներում: Առաջիկայում կբացահայտեն նոր հնարավորություններ, որոնք ծրագրային փաթեթների տեսքով կներկայացվեն ներդնողներին: