Մալթայի բանկի աշխատակիցը բացահայտել է
Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին:
Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ է ստացել նախագահ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայից:
Մալթայի հետաքննող լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել է «մի շարք վճարումներ վարկերի ձևով, որոնք ուղարկվել են «Էգրանտ» (Պանամայում գրանցված գաղտնի ընկերություն, որը պատկանում է Մալթայի վարչապետի տիկնոջը): Ամենամեծ գումարը՝ 1.07 միլիոն դոլար, ենթադրվում է, որ փոխանցվել է անցյալ տարվա մարտին: Ըստ պնդումների՝ դրանք փոխանցվել են Pilatus-ի բանկային հաշվից, որը պատկանում է Al Sahra FZCO-ին: Ենթադրվում է, որ Al Sahra-ի սեփականատերը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրն է», գրում է «Գարդիանը»: Մուսկատը և նրա կինը հերքում են, որ իրենք վճարումներ են ստացել «Էգրանտի» հետ կապված:
Հատկանշական է, որ Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերերից մեկը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է: Pilatus բանկի հաշիվներից մեկը Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցիի անունով է, իսկ մյուսը՝ նախագահ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի: Միցին և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիթ Շեմբրին «Պանամայում գրանցված երկու ընկերություններ են հիմնել 2013 թ. պաշտոն ստանձնելուց չորս ամիս անց: Երրորդ կեղծ ընկերությունը՝ «Էգրանտը», ստեղծվել է նույն ժամանակ մալթացի միևնույն հաշվապահի կողմից»: Վարչապետ Մուսկատը և նրա տիկինը հյուրընկալել են Ալիևներին 2014 թ. Մալթա կատարած նրանց այցի ժամանակ:
2005 թ. նախագահ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը վերջերս իր ամուսնու կողմից նշանակվեց Ադրբեջանի փոխնախագահ, որպես իր հնարավոր իրավահաջորդ, ճանաչվել է որպես Պանամայի UF Universe հիմնադրամի երկու ղեկավարներից մեկը, ըստ «Պանամայի փաստաթղթերի», որոնք հրապարակվել էին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից (ICIJ): «UF Universe հիմնադրամը ամբողջական վերահսկողություն ուներ խոշոր ադրբեջանական AtaHolding կոնգլոմերատի վրա: 2005 թ. նախագահ Ալիևի երեք երեխաները, ի լրումն Ադրբեջանի հարկային ծառայության բարձրաստիճան անդամների, ճանաչվեցին որպես շահառուներ… Բացի այդ, Ալիևի դուստրերը վերահսկում են Պանամայում գրանցված մի ընկերություն և երկու այլ ընկերություններ բրիտանական Վիրջինյան կղզիներում: Պանամական ընկերությունը զգալի բաժնեմաս ունի ընկերությունների կոնսորցիումում, որն զբաղվում է ոսկու հանքերի շահագործմամբ Ադրբեջանում: Ալիևի քույրը միակ բաժնետերն ու սեփականատերն է բրիտանական Վիրջինյան կղզիներում 2005 թ. դեկտեմբերին գրանցված մի ընկերության: Գրանցման փաստաթղթերում նրա հասցեն նշված է Լոնդոնի արևմտյան շրջանում, որտեղ տների միջին գինը հասնում է 9 միլիոն դոլարի»:
2017 թ. մայիսի 9-ին հրապարակված հոդվածում «Գարդիանը» նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները «բացահայտորեն պահանջել են [վարչապետ Մուսկատի] հեռացումը աճող կոռուպցիոն սկանդալի, նրա կնոջ ներգրավվածության, պանամական գաղտնի ընկերության և Ադրբեջանի նախագահի դստեր կողմից ենթադրյալ վճարումների պատճառով: Եվրախորհրդարանի հետաքննության հանձնաժողովը Մուսկատին հրավիրել է Ստրասբուրգի նստավայրը՝ իր դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ ցուցմունք տալու, սակայն Մուսկատը մերժել է հրավերը»:
Հետաքննող լրագրող Գալիցիան տեղեկացրել է՝ մի կին, որն աշխատել է որպես Pilatus բանկի սեփականատիրոջ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինեջադի օգնական, չհրկիզվող պահարանում հայտնաբերել և պատճենահանել է Միշել Մուսկատի անունով գրանցված բանկային հաշվի ձևակերպման փաստաթղթերը: Օգնականը հայտնել է թղթակցին, որ «նրան տվել են ընկերությունների մի ցանկ, միգուցե ութ կամ տասը անուն, և ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի դրանց վճարման գործարքներին: Դրանց թվում էին Willerby Inc.-ը, Tillgate Inc.-ը, Hearnville Inc.-ը, Egrant Inc.-ը և Al Sahra FZCO-ը», մի ընկերություն, որը պատկանում է Լեյլա Ալիևային՝ նախագահ Ալիևի դստերը՝ ըստ Times of Malta-ի: Օգնականն ասել է, որ նա տեսել է բանկային հաշիվներ բացելու պաշտոնաթղթերը: «Al Sahra FZCO-ից հարյուր հազարավոր դոլարների վճարումները մշտապես նշվել են որպես վարկային վճարումներ և չեն փոխանցվել նրանց հաշիվներին Pilatus բանկում, այլ նրանց ունեցած հաշիվներին Դուբայում… Մի անգամ, ասել է նա, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ղանբարին հրահանգներ է ստացել Հաշեմինեջադից՝ մոտ 400 հազար դոլարի գումար փոխանցելու մի մալթացի կնոջ, որն ապրում է Նյու Յորքում և ունի ոսկերչական բիզնես: Այն պետք է նշվեր որպես վարկային վճարում»:
Օգնականը խոստովանել է, որ նա բանկի իր պատճենած փաստաթղթերը հանձնել է Մալթայի իշխանություններին, քանի որ «Ես այլևս չէի կարող հանդուրժել կարդալ այդ կեղծիքները, ժխտումները և կիսաճշմարտությունները: Դա չափազանց շատ էր…»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի