Թե ինչպիսի տղամարդ է Պուտինը, թողնենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը “Известия” թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով լրագրողների` նախագահի անձնական կյանքին վերաբերվող հարցին, ասել է, որ Պուտինն այնքան է աշխատում, որ դժվար է հասկանալ, թե որտեղից նրան անձնական կյանք։
“Անկեղծ ասած՝ ես կդժվարանայի պատասխանել նրա անձնական կյանքի մասին հարցին: Նա այնքան է աշխատում, որ ես չեմ կարող հասկանալ՝ որտեղի՞ց նրան անձնական կյանք”,- ասել է նա` նշելով, որ Պուտինն անձնական կյանքի իրավունք ունի, սակայն ճիշտ կլինի, որ ուշադրություն դարձվի, թե ինչպիսի նախագահ է նա, քանի որ մարդիկ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել են նախագահի համար, եւ ոչ նրա, թե ինչպիսի տղամարդ է նա:
“Թե ինչպիսի տղամարդ է նա, կին ունի, թե չէ, եկեք թողնենք նրան եւ չխառնվենք”,- ասել է նա՝ հավելելով, որ դա նախագահի որոշումն է, եւ վերջինս պարտավոր չէ խոսել ինչ-որ մեկի հետ իր անձնական կյանքից: