Ադրբեջանի “սեւ ցուցակում” հայտնվածները պետք է ներողություն խնդրեն
Lenta.ru-ի փոխանցմամբ` այն արտասահմանցիները, ովքեր Ադրբեջանում “պերսոնա նոն-գրատա” են հայտարարվել ԼՂ այցելելու պատճառով, կարող են հանվել “սեւ ցուցակից”, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը: Նա նշել է, որ Ադրբեջան մուտք գործելու արգելքը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքացիները ներողություն խնդրեն:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ “սև ցուցակում” հայտնված անձանցից մի քանիսն արդեն դիմել են՝ խնդրելով իրենց անունները հանել այնտեղից: Ըստ ԱԳՆ-ի՝ դիմողների թվում են ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, “Ամերիկայի ձայնի” մոսկովյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքը, մի շարք այլ քաղաքական գործիչներ եւ լրագրողներ:
Հարկ է նշել, որ “սեւ ցուցակում” հայտնվել են նաեւ արտասահմանցի արվեստագետներ, այդ թվում՝ իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, հեռուստահաղորդավարուհի, ռուսաստանյան հետախուզության նախկին աշխատակցուհի Աննա Չապմանը: