Էդուարդ Շարմազանովը եզդիների հետ նշել է նրանց Նոր տարին
Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին:
Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի եւ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ:
Շնորհավորելով եզդի ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին: Պարոն Շարմազանովը նշել է, որ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ հավելել, որ եզդիները պատմական տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես եղել են հայ ժողովրդի կողքին. դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր:
«Թող այս Նոր տարին եզդիների համար լինի խաղաղության, բարօրության եւ երջանկության տարի»,-եւս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են եզդիների իրավունքները, ստեղծված են բոլոր պայմանները մշակութային, կրթական եւ սոցիալական գործունեության իրականացման համար: