Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ:
Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն:
՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և դա չի կարող տեղի ունենալ, եթե չլինի քաղաքական կամք առաջնորդների կողմից, փոխզիջումներ բոլոր կողմերից ու ժողովրդի կողմից ընկալում, որ կարգավորումը բխում է ապագա սերնդի շահերից՛՛,-ասաց ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ նահագները պատրաստ է աշխատել Ռուսաստանի, Ֆրանսիայի, միջազգային հանրության հետ խնդրին կարգավորում տալու համար:
Ջեյմս Ուորլիքը կարևորեց նաև երկու ժողովուրդների միջեւ վստահություն ձևավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը, որոնք կօգնեն նաև ընկալել խաղաղության անհրաժեշտությունը:
՛՛Ես ակնկալում եմ հետագա աշխատանք տարածաշրջանի ղեկավարների հետ, որ կբերի խաղաղություն տարածաշրջանին՛՛,-նկատեց Ջեյմս Ուորլիքը:
Հարցին, թե ինչու համանախագահներն ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի կողմից մի շարք եվրոպական կոնվենցիաների խախտմանը սպառազինությունների մրցավազքում, ամերիկացի համանախագահը պատասխանեց.
՛՛Ես այստեղ գալուց առաջ եղել եմ Բաքվում, այնտեղ գտնվելուս նպատակը ծանոթանալ, լսել իմանալն էր: Բաքվում մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք բանակցություններով կարգավորումներ գտնել: Անշուշտ, մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից, ցանկանում ենք, որ խաղաղություն լինի ու խնդիրը խաղաղ լուծում ստանա՛՛:
Իսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ռուսաստանը չի փորձի ճնշում իրականացնել ԼՂՀ-ի հարցում, հարցրին.
՛՛Ես սպասում եմ Ռուսատանի հետ՝ մեր որպես գործընկերոջ աշխատանքներին, կարծում եմ, որ միասին աշխատելով՝ պետք է օգնենք հակամարտության կարգավորման հարցում՛՛ :
Ջեյմս Ուորլիքը հայտնեց նաև, որ իր հետ նոր առաջարկներ չունի, սակայն նամակ ուղղված ՀՀ նախագահին բերել է: