Լռիր
Ազգային ժողովի հավերժ թվացող քարոզչությունն ավարտվեց: Այսօր լռության օր է հայտարարված, որը սկսվել է երեկ՝ կեսգիշերին, խորհրդարանական ընտրությունից առաջ, օրենքով սահմանված կարգով։ Այսօր արգելվում է ընտրության թեմայով ցանկացած քարոզչություն, ինչպես նաև հանրային հարցումներ։
«Լռության օրը» հնրավորություն է տրվում ընտրողներին գիտակցաբար, առանց որևէ ճնշման, կողմնորոշվել, նախընտրած թեկնածուին ընտրելու համար։
Թեև «լռության օր»-ը մեկ օր է համարվում, բայց ժամանակային առումով տևում է 2 օր, մինչև չեն փակվում ընտրատեղամասերը։ Քարոզչության արգելքն ընտրության օրը կարող է խախտվել միայն այն դեպքում, երբ ընտրողներին ակտիվ քվեարկելու կոչեր են արվում։
Հիշեցնենք, ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։ Այլ կերպ ասած, երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի եւ Ազգային ժողովի: 2018թ․ գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի արդեն 2017թ․ ձեւավորված ԱԺ-ը: Նորընտիր նախագահն իր հերթին անհապաղ կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին:
ԱԺ ընտրությունների համար Հայաստանում ձեւավորվել է 13 ընտրական տարածք՝ ընդհանուր 2մլն 564 հզր 334 ընտրողներով: Ամեն ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցությունից առաջադրվել է 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու: Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն եւ մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք եւ տիրապետի հայերենին: