Կարևորն էդ լիդերների համարը հեռախոսում գրանցած լինելը չէ, կարևորը՝ դրանք համապատասխան պահին, ի նպաստ քո պետության շահին, տեղին օգտագործելն է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ աչքովս ընկավ, որ օրվա կառավարիչների իշխանությունը սպասարկողներից մեկը հպարտորեն հայտարարում էր, թե Նիկոլն ունի «Թրամփի WhatsApp-ի համար, որ ոչ մի իշխանություն նման հարաբերություն չի ունեցել»։ Քանի որ սրանց դեպքում պոպուլիզմը ոչ մի չափ ու սահման չունի, ու բոլորը գիտեն, թե Նիկոլը Աստծու տված պարգև է, իսկ նրա ասածն ու արածը՝ անքննելի, թերևս զբաղվեմ իմ հերթական լիկբեզով և մի քիչ տեղեկացնեմ անցյալում եղած իրադարձություններից՝ մի փոքր դրվագ ներկայացնելով։
Նախ ի սկզբանե ասեմ, որ նորմալ երևույթ է, որ երկրի ղեկավարը (սրա դեպքում՝ ոչ բարով) ունի մեկ այլ երկրի, թեկուզ ԱՄՆ-ի նման «մոնստրի» ղեկավարի կոնտակտային տվյալները, չնայած, քանի որ Նիկոլի դեպքում աբսուրդ է հնչում, բայց դե հիմա կյանք է։ Հպարտանալ ու ցույց տալ, որ «տեսեք, ես Թրամփի կամ Պուտինի համարն ունեմ», բնորոշ է անցումային տարիքի դպրոցականներին, երբ դպրոցական ընկերների մոտ փոփուլանում են, որ «գիտեք, պապաս նախարար կամ պատգամավոր ընկեր ունի»։
Հիմա ավելի կոնկրետ։ Հեռավոր 2008 թվականի օգոստոսին, երբ Պեկինում տեղի էր ունենում 29-րդ օլիմպիական խաղերի բացումը, պայթում է վրաց-օսական պատերազմը։ Օգոստոսի 8-ին Պեկինում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես մասնակցում էր խաղերի բացմանը։ Թող ինձ ների հարգարժան Նախագահը, բայց պիտի այս մասին բարձրաձայնեմ ու պատմեմ, թե ինչ է եղել այդ օրերին։ Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Սարգսյանը ընդամենը 4 ամսվա նախագահ էր և նոր էր մտնում միջազգային արենա որպես երկրի ղեկավար, ուստի պետք էր ճիշտ դիրքավորում ու իրավիճակի հստակ, հաշվարկված գնահատում։
Նախագահին զեկուցվում է, որ Վրաստանում իրավիճակը խառն է, և հնարավոր է ՀՀ մտնող բենզինի ու դիզվառելիքի խնդիր ունենանք, այլ կերպ ասած՝ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ։ Պեկինից Սարգսյանը զանգահարում է Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և խնդրում, եթե հնարավոր է, X քանակությամբ (բավական շատ) բենզին և դիզվառելիք հատկացնի, քանի որ Վրաստանում ֆորսմաժորային իրավիճակ է ու հնարավոր է մատակարարման խնդիրներ լինեն։ Ահմադինեժադը միանշանակ դրական պատասխան է տալիս։ Մինչև նախագահ Սարգսյանը վերադառնում է Երևան, համապատասխան ծավալի (մի բան էլ շատ) բենզինն ու դիզվառելիքն արդեն Հայաստան է հասած լինում, ինչից հետո նա զանգահարում և շնորհակալություն է հայտնում իրանցի գործընկերոջը։ Ասեմ, որ ուղարկված վառելիքն իրականում օգտագործման կարիք չի էլ լինում, և հետագայում ուղղվում է բանակի պահուստային ֆոնդ։
Ասածս ինչ է․ կարևորն էդ լիդերների համարը հեռախոսում գրանցած լինելը չէ, կարևորը՝ դրանք համապատասխան պահին, ի նպաստ քո պետության շահին, տեղին օգտագործելն է»։