“Վերաբնակեցված անձանց” ցուցակում նշված անձանցից որեւէ մեկը երբեք չի եղել եւ ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում
Ադրբեջանը, որի ձգտումը տապալել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնալով ավելի ակնհայտ է դառնում, սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի 2013 թ. հուլիսի 19-ի նամակը (տարածվել է ՄԱԿ-ում ս.թ. օգոստոսի 13-ին А/67/952-S/2013/478 գրությամբ) Արդբեջանի այդպիսի քաղաքականության ակնհայտ դրսեւորումն է:
Այս անգամ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես, սիրիահայերի ճակատագիրը, որոնք՝ ի թիվս Սիրիան լքող փախստականների, ստիպված են ապաստան փնտրել աշխարհի տարբեր մասերում:
Տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու եւ միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության: Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված “վերաբնակեցված անձանց” ցուցակում նշված անձանցից որեւէ մեկը երբեք չի եղել եւ ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում:
Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում եւ ընտրովի է մեկնաբանում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող փաստերը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություներն իբր թե գրանցել են “միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի եւ սկզբունքների բազմաթիվ խախտումներ”:
Մինչդեռ հայտնի է, որ այդ առաքելությունները, որոնք իրականացվել են ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ, իրենց զեկույցներում ժխտել են վերաբնակեցման ծրագրերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները: Տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը հրաժարվել է եւ մինչեւ օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված կերպով իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր:
Հատկապես տագնապալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերած երկրի արտաքին գործերի նախարարը նամակում հանդես է գալիս ուղղակի սպառնալիքներով:
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ՄԱԿ-ի բարձր ամբիոնը որպես քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը եւ օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ հակամարտության համապարփակ եւ տեւական լուծում գտնելուն:
Ստեփանակերտ, 30 օգոստոսի, 2013 թ.